երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ջերմոց, ամրաններ, ջուտե պայուսակներ. 4 ընկերություն ազատվեց մաքսատուրքից

Ջերմոց, ամրաններ, ջուտե պայուսակներ. 4 ընկերություն ազատվեց մաքսատուրքից

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 4-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց արտոնությունից օգտվելու համար «ՆՈՒՎՈ ՎԻԼԱԺ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

 «ՆՈՒՎՈ ՎԻԼԱԺ»-ի կողմից ներմուծվող սարքավորումները նախատեսվում է օգտագործել ՀՀ Կոտայքի մարզում, 5 հա արտադրական տարածքում ջերմոցի կառուցման համար։ Ջերմոցում նախատեսվում է աճեցնել բանջարեղեն և բոստանային մշակաբույսեր։

Ընկերությունը հիմնադրվել է 2023թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ընդհանուր շուրջ 3․26 մլրդ դրամի կապիտալ ներդրում, որից 1․7 մլրդ դրամը ջերմոցի կառուցման, իսկ մնացած մասը այլ աշխատանքների իրականացման համար։

Ներկայումս առկա է 60 աշխատատեղ՝ 200 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2026 թվականը նոր աշխատատեղերի ստեղծում չի նախատեսվում։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.7 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 86 մլն դրամ:

Կառավարության մեկի այլ որոշմամբ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատվեց «ՀԻՏԵՔՍ ՊԼԱՍՏԻԿ» ՓԲԸ-ին:

Այս ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել պլաստիկ շշերի նախակաղապարների արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1․27 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման և 322 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար։

Ներկայումս առկա է 57 աշխատատեղ՝ 245 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2027 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև60-ի՝276 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1․27 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 56 մլն դրամ:

Կառավարության մեկ այլ որոշմամբ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատվեց «ՔԱՐԱԿԵՐՏԻ ՔԱՐԱՁՈՒԼՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ» ԲԲԸ-ն:

Գործարանի կողմից ներմուծվող սարքավորումներով նախատեսվում  է հիմնել ամրանների տաք գլոցման հոսքագիծ՝ ամրանների արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Արմավիրի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 1998թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել շուրջ 3․7 մլրդ դրամի ներդրում, որից շինություններ և կառուցվածք՝ 271 մլն դրամ, սարքավորումներ՝ 2․1 մլրդ դրամ, տեղադրում և շահագործում՝ 283 մլն դրամ, մինչև շահագործման ծախսեր՝ 453 մլն դրամ, շրջանառու միջոցներ՝ 625 մլն դրամ։

Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2025 թվականը նախատեսվում է ստեղծել 24 նոր աշխատատեղ՝280 հազ դրամմիջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 295․9 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 18․4 մլն դրամ:

Կառավարությունն իր մեկ այլ որոշմամբ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատեց «ԱՐՄԻՄՊԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Այս ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել ջուտե պայուսակների արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Տավուշի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2022թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 797․5 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար, 100 մլն դրամի ներդրում հիմնական միջոցների ձեռքբերման համար և 200 մլն դրամի ներդրում շինարարական աշխատանքների իրականացման համար։

Ներկայումս առկա է 11 աշխատատեղ՝ 150 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2027 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 60-ի՝ 190 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 797․5 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 49․7 մլն դրամ:

  • Կիսվել: