հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Իշխող ուժը Դալմայի այգիների ծրագիրը փոխառել է մեր ծրագրից. «Արդար Հայաստան»

Իշխող ուժը Դալմայի այգիների ծրագիրը փոխառել է մեր ծրագրից. «Արդար Հայաստան»

Հերթական խոստումները տալուց առաջ առավել ազնիվ կլիներ խոստովանել, որ ձախողել եք Ձեր 5 տարվա կառավարումը: Այս մասին հայտարարություն է տարածել Նորայր Նորիկյանի գլխավորած «Արդար Հայաստան» կուսակցությունը, որը նույնպես մասնակցում է Երեւանի ավագանու ընտրություններին:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Փաստացիորեն քաղաքապետի լիազորություններն իրականացնող Տիգրան Ավինյանն երեկ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ «Ամենակարևոր ռեֆորմներից մեկը միասնական տոմսային համակարգի ներդրումն է Երևանում, որը միավորելու է ամբողջ հանրային տրանսպորտի վճարային համակարգը»։ Այս նույն մարդիկ, այս նույն քաղաքական ուժը 5 տարի առաջ դարձյալ ավագանու ընտրությունների ժամանակ խոստացել էին ներդնել միասնական տոմսային համակարգ և մինչև օրս չեն կատարել իրենց խոստումը։

Բացի այդ, իշխող կուսակցության քաղաքապետի թեկնածուն նախընտրական արշավի ժամանակ, խոսելով մրցակից ուժերի մասին, հայտարարել է, որ նրանք ասելիք, ծրագիր ու մասնագետ չունեն։ Նույն անձը երեկ հայտարարել է նաև Դալմայի այգիներում 200 հա այգի հիմնելու մասն՝ ընդգծելով, որ Նյու-Յորքի զբոսայգուն նմանվող անտառ-այգի կունենանք Դալմայի այգիներում»:

«Արդար Հայաստան» կուսակցությունը պաշտոնապես հայտարարում է, որ իշխող ուժը նշված ծրագիրը փոխառել է մեր ծրագրից, որի մասին մեր կողմից դեռևս հրապարակվել է դեռևս ս․թ․ ապրիլ ամսին, ինչպես նաև ս․թ․ օգոստոսի 26-ին։ Այս համատեքստում խոսել մրցակիցների մասին՝ նշելով, թե ասելիք ու ծրագիր չունեն, առնվազն ազնիվ չէ։

Իշխող ուժին կոչ ենք անում դրսևորել զսպվածություն, դադարեցնել պոպուլիզմը, ինչպես նաև խոստանալն ու չկատարելը։ Առաջին հերթին բարոյական կլիներ, որպեսզի «Քաղաքացիական պայմանագիրը» հաշվետվություն ներկայացներ, թե ի՞նչ է արել անցած հինգ տարիներին, ինչո՞ւ չեն կատարել իրենց տված խոստումները, ինչո՞ւ չեն կառուցել 33-րդ թաղամասը, «Զվարթնոց» օդանավակայան տանող նոր ավտոմայրուղին, Հին Երեւանը, ինչո՞ւ չեն համալիր վերակառուցել Կոնդ, Սարի թաղ ու Տիչինա թաղամասերը, Շահումյանի և Սախարովի հրապարակներում ստորգետնյա ավտոկայանատեղերը, ինչու՞ չեն կառուցել և այլն։

Հերթական խոստումները տալուց առաջ առավել ազնիվ կլիներ խոստովանել, որ ձախողել եք Ձեր 5 տարվա կառավարումը, չեք կատարել 2018թ․ Ձեր տված նախընտրական խոստումները։ Այս ամենի համատեքստում առնվազն տարակուսելի է, թե մեր հասարակությունն այս անգամ ինչու՞ պետք է ընտրի ու հավատա Ձեզ։

 

  • Կիսվել: