երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Մեծ արագությամբ անհետանում են Երեւանը պաշտպանող սարերն ու բլուրները․ Գեղամ Նազարյան

Մեծ արագությամբ անհետանում են Երեւանը պաշտպանող սարերն ու բլուրները․ Գեղամ Նազարյան

Ինչո՞ւ են Երևան–Սևան ավտոմայրուղու հարակից բլուրներն ու սարերը, բառիս բուն իմաստով, անհետանում։ Այսօր Ազգային ժողովում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ժամանակ շրջակա միջավայրի փոխնախարար Հակոբ Սիմիդյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Նրա կարծիքով` Երևանի փոշոտվածության գլխավոր պատճառներից մեկն էլ հենց այն է, ինչ կատարվում է Երևան–Սևան ճանապարհի հարակից տարածքներում։
 
«Երևան մտնող քամու հիմնական ուղղությունը հյուսիսայինն է, և այդ ավազի բաց հանքերից քամին ավազը բերում և Երևանի վրա է թափում։ Կառավարությանը սա չի՞ անհանգստացնում, թե՞ նորմալ է բերել ու սարերը վերացնել։ Վաղը-մյուս օրը տեխնիկան թույլ տա՝ կարելի է Արագածն էլ վերացնել»,– նշեց Նազարյանը։
 
Շրջակա միջավայրի փոխնախարար Հակոբ Սիմիդյանի խոսքով՝ կառավարությունը հարցով մտահոգված է։ Վստահեցնում է՝ զուտ գործառութային առումով այն, ինչ շրջակա միջավայրի նախարարության դաշտում է, արվում է։ Նշեց` օրենքի փոփոխությունները հենց այդ նպատակով են նախաձեռնված, որ առավել լայն գործելու հնարավորություն տան։
Նոր մշակված օրենքը ենթադրում է նաև հողօգտագործման ռեկուլտիվացիայի փուլը, այսինքն` աշխատանքներ, որոնք ուղղված են խախտված տարածքների վերականգնմանն ու հողային տարածքների՝ անվնաս վիճակի բերմանը։

  • Կիսվել: