շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հո կառավարությունը խաղողը չի՞ մթերելու, տանի Մելիք-Ադամյանի նիստերի դահլիճում պահեստավորի. Փաշինյան

Հո կառավարությունը խաղողը չի՞ մթերելու, տանի Մելիք-Ադամյանի նիստերի դահլիճում պահեստավորի. Փաշինյան

«Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ վերջերս իր իսկ արտահայտած այն մտքին, որ խաղողի մթերման հետ կապված այս տարի կարծես թե խնդիր չկա, սակայն, իրականում, պարզվեց, որ այդպես չէ, քանի որ հենց այսօր աղավնաձորցիները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ դժգոհելով խաղողի մթերման գներից։

«Ասացի՝ այս տարի խաղողի մթերման հետ խնդիր չկա, ասացին՝ ո՞նց չկա, հեսա կստեղծենք, ու ճանապարհները փակեցին»,-ասաց վարչապետը:

Համաժողովին ներկա գործարարներից մեկը բողոքեց, որ անցյալ տարի Աղավնաձորից խաղողը գնել է գյուղացու առաջարկած գնով, սակայն այս տարի չի պատրաստվում նույնն անել, քանի որ արդյունքում ինքը կտուժի ։

«Ես, այդ տարածաշրջանում լինելով սպիտակ խաղողի ամենամեծ գնորդը, հետ եմ կանգնել, չեմ առնելու եւ նրանք ճանապարհ են փակելու, որովհետեւ 200 դրամ գինը, որը նորմալ գին է սպիտակ խաղողի համար, ուզում են դարձնել 400–450 դրամ, քանի որ տենդենց եղել է, որ կարող են փակել ճանապարհը եւ պարտադրել բարձր գնով վերցնել».- իր բողոքն արտահայտեց գործարարը։

Ըստ նրա՝ անթույլատրելի է այդ երեւույթը, վաղն էլ Արարատյան դաշտավայրն է ճանապարհ փակելու: Ի պատասխան՝ վարչապետն ասաց.. «Բոլորը ճանապարհ են փակում, ասում են՝ այդ ո՞նց է վարչապետը կարող է ճանապարհ փակել, մենք՝ ոչ։ Աչքիս ես նորից սկսեմ ճանապարհներ փակել՝ որպես հակաքայլ»։

Ն. Փաշինյանը խոսեց գյուղացի-գործարար փոխգործակցության մասին՝ այն համարելով արդյունավետ աշխատանքի կարեւոր պայմաններից մեկը. «Եթե խաղող արտադրողը եւ խաղող մթերողը չարձանագրեն, որ իրենք պարտնյոր են եւ մեկն առանց մյուսի չեն կարող գոյություն ունենալ եւ հաջողություն ունենալ, բան չի փոխվի։ Եթե գործարանը սնանկացավ, հետո գյուղացին ինչքան ուզում է՝ թող ճանապարհ փակի, այդ մթերողը չկա ի վերջո, հո կառավարությունը չի՞ մթերելու, տանի Մելիք-Ադամյանի նիստերի դահլիճում խաղողը պահեստավորի»։

Տեսանյութը՝ news.am-ի

  • Կիսվել: