ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ-ում ատոմակայան կառուցելու առումով ընտրությունը շատ մեծ չէ. հիմա մեծ հետաքրքրություն ունի կանադական կողմը. փորձագետ

ՀՀ-ում ատոմակայան կառուցելու առումով ընտրությունը շատ մեծ չէ. հիմա մեծ հետաքրքրություն ունի կանադական կողմը. փորձագետ

Դեռեւս 2012-2016 թվականներին, երբ հասկանալի էր, որ մենք նոր ատոմակայան չենք հասցնելու կառուցել, պետք է երկարացնել ժամկետը, հնարավոր եղավ հայ եւ ռուս մասնագետների ներգրավվածությամբ դիտարկել երկու փուլով ԱԷԿ-ի ժամկետը երկարացնելու հնարավորությունը՝ առաջին փուլով մինչեւ 2026 թվականը, ապա նաեւ մինչեւ 2036 թվականը:: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց էներգետիկ անվտանգության փորձագետ Արթուր Ավետիսյանը:

«2021-ին իրականացվեցին ամենամեծ եւ ամերաերկարատեւ վերանորոգման, վերազինման աշխատանքները, որտեղ հիմնականը ռեակտորի թրծման աշխատանքներն էին: Ռուս մասնագետները հավաստիացրեցին, որ մինչեւ 2039 թվականը զուտ ռեակտորի առումով ապահովագրված ենք: Բայց լրացուցիչ հաշվարկներ, աշխատանքներ են պետք հասկանալու համար երկարաձգման հնարավորությունը»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ֆինանսավորմանը, Արթուր Ավետիսյանն ասաց. «Երբ 2021-ին ընդունվում էր մինչեւ 2040 թվականը էներգետիկ զարգացման ռազմավարության ծրագիրը, այնտեղ միջոցառումներում միջին թիվ է նշված 150 մլն դոլար, հիմա խոսում են 130-170 մլն դոլարի մասին, որովհետեւ կախված է նրանից, թե ովքեր են դա իրականացնելու: Արդյոք մեկ կազմակերպություն է լինելու, արդյոք դա լրիվ դրսից է լինելու, թե՞ որոշ մասը տեղի ուժերով է հնարավոր իրականացնել: Որքան գիտեմ հակվածություն կա ռուսական ընկերության հետ աշխատելու, բայց նաեւ հակվածություն կա, որ դա լինի ոչ ամբողջապես: Ամենայն հավանականությամբ մեր եւ ռուսների համատեղ աշխատանքը կլինի: Ինչքան դրսի օպերատորները շատ լինեն, այնքան թանկ է լինելու: Մյուս կողմից ատոմային էներգիայի ոլորտում մեր մասնագետները համաշխարհային մասշտաբով լավագույններից են»:

Արթուր Ավետիսյանը նկատեց, որ ատոմակայանի գործունեությունը ոչ միայն էներգետիկ անվտանգության, այլ նաեւ ազգային անվտանգության հարց է. «Որովհետեւ եթե մենք չերկարաձգենք ժամկետը, կստացվի, որ չենք ունենալու գործող ատոմակայան եւ լինելով խաղաղ ատոմի անդամ, մեզ շատ դժվար կլինի նոր ատոմակայան կառուցելու քաղաքական բաղադրիչն ապահովել: Հիմա, քանի որ մենք ատոմակայան ունեցող պետություն ենք, ունենք գործող կայան, գործող մասնագետներ, հետեւաբար եթե չկա որեւէ խնդիր, չեն կարող մեզ արգելել ունենալու նոր ատոմակայան:

Հիմա մենք պետք  է որոշակիացնենք, թե որ ընկերությունների, որ երկրների հետ ենք աշխատելու ատոմակայան կառուցելու հարցում: Մեր կառավարությունը դիտարկել է բոլոր հնարավոր տարբերակները, բայց օբյեկտիվորեն հաշվի առնելով տարբեր հանգամանքներ, մասնավորապես ատոմային վառելիքի մատակարարումների հետ կապված, խնդիրը ոչ թե այն է, որ մենք կկառուցենք այս կամ այն երկրի աջակցությամբ, այլ նաեւ այն, որ հետո պետք է դիտարկենք շահագործման հնարավորությունը»,-ասաց նա:

Փորձագետը նշեց, որ ներկայումս կառուցվող ատոմակայանները կառուցվում են 60+40  տարիների տրամաբանությամբ, այսինքն առնվազն 60 տարի շահագործման ժամկետ, ապա նաեւ շահագործման ժամկետը 40 տարի երկարաձգելու հնարավորություն:

«Մենք պետք է դիտարկենք, թե մեկ դար մենք ում հետ կարող ենք իրականացնել ատոմակայանի շահագործումը: Միանշանակ ատոմային էներգետիկան քաղաքական հարց է: Անվտանգությունը մենք պարտավոր ենք ապահովել, բայց այդ ամենն ի չիք է դառնում, եթե չենք  կարողանում քաղաքական բաղադրիչը ճիշտ կիրառել:

Ատոմակայան կառուցելու առումով ընտրությունն աշխարհում շատ մեծ չէ. դաշտում կան ընդամենը Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Կանադան: Ես գիտեմ, որ հիմա մեծ հետաքրքրություն ունի կանադական կողմը, բայց ես չգիտեմ, թե դա որքանով գործնական փուլ կանցնի: Նաեւ Ֆրանսիան առաջատար պետությունն է աշխարհում ատոմային էներգիայով էլեկտրաէներգիայի արտադրության առումով, սակայն այլ երկրներում ատոմակայաններ կառուցելու ամենամեծ փորձն ունի Ռուսաստանը: Ներկայումս 18 երկրներում Ռուսաստանն ատոմակայաններ է կառուցում»,-ընդգծեց նա:

  • Կիսվել: