երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ՀՀ քաղաքացիները միջինում ապրում են անհամեմատ ավելի լավ, քան 1 տարի առաջ, և տնտեսական աճը հենց դա է ցույց տալիս. Քերոբյան

ՀՀ քաղաքացիները միջինում ապրում են անհամեմատ ավելի լավ, քան 1 տարի առաջ, և տնտեսական աճը հենց դա է ցույց տալիս. Քերոբյան

2022 թվականին Հայաստանի տնտեսությունն աճել է բավական բարձր տեմպով՝ 14.2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշն է, որը վերջին 15 տարվա ամենաբարձր ցուցանիշն է: Նաև բարձրացել է մեր մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքը՝ մոտավորապես 4627 դոլարից մենք կհասնենք 6700-ի, որն ըստ էության նշանակում է, որ մենք դասվում ենք այնպիսի երկրների շարքին, ինչպիսիք են օրինակ Ալբանիան, Բոսնիա Հերցեգովինան և այլն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նախարարն անդրադարձավ սպասվող քայլերին. «Հիմա մեր աշխատանքի արդյունքում մենք պետք է այնպես անենք, որ մեր երկրում գործող ինստիտուտները պրոգրես ապրեն, և մենք կարողանանք մեր երկրում զարգացնել ենթակառուցվածքները, դա կարող է վերաբերել ճանապարհներին, կարող է վերաբերել տարբեր տեսակի պետական և ոչ պետական մարմիններին»:

Ըստ Քերոբյանի՝ իրենք աշխատանքի ընթացքում բազմաթիվ ոչ պոպուլյար որոշումներ են կայացրել. «Օրինակ տոն օրերի կրճատման մասին օրենքը, որը  շատ խնդրահարույց էր: Մենք մեր աշխատանքի արդյունքում չենք նայում, թե ում կարող է տվյալ օրենքը դուր գալ կամ չգալ, այլ իրականացնում ենք կառավարության ծրագիրը մեր երկիրը քաղաքացիների համար ավելի լավը դարձնելու ուղղությամբ»:

Անդրադառնալով երկրում աղքատության ցուցանիշին և գործազրկությանը՝ Քերոբյանն ասաց. «ՀՀ քաղաքացիները միջինում ապրում են անհամեմատ ավելի լավ, քան 1 տարի առաջ և տնտեսական աճը հենց դա է ցույց տալիս: Ինչ վերաբերում է գործազրկությանը, ապա ասեմ, որ բացվել է 37 հազար նոր ընկերություն, որից 12 հազարը ՍՊԸ կամ ՓԲԸ, այդ ընկերություններն աշխատանքի են վերցրել մարդկանց, այդ ընկերությունները ստեղծել են նոր արժեք, որն արտահայտված է տնտեսական ակտիվության մեջ: Ընկերությունների գերակշիռ մեծամասնությունն ունեցել է շրջանառության աննախադեպ աճ: Առաջին անգամ Հայաստանում մենք երեք երկրների հետ ունենք 1 միլիարդից ավել շրջանառություն, սովորաբար դա միայն Ռուսաստանն ու Չինաստանն էին, այժմ նաև ՍՄԷ-ն է»:

  • Կիսվել: