երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կառավարությունը «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ»-ին անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովման համար կտրամադրի 613 մլն դրամ

Կառավարությունը «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ»-ին անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովման համար կտրամադրի 613 մլն դրամ

Կառավարությունը հավանություն տվեց Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց միջոցառման շրջանակներում «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված ներդրումային ծրագրին:

Նախորդ տարի մենք հաստատել ենք ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց օժանդակություան տրամադրման միջոցառման իրականացման համար անհրաժեշտ բազային պայմանները: Միջոցառմամբ նախատեսված է, որ ՀՀ-ում մասնավոր ներդրումներ խթանելու նպատակով Կառավարությունը ներդրումային ծրագրեր իրականացնող կազմակերպություններին տրամադրում է օժանդակություն ներդրումային ծրագրի իրականացման համար նախատեսված տարածքին անհրաժեշտ ենթակառուցվածքներով ապահովման ճանապարհով: Այդ մասին ասաց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը:

Նա նշեց, որ ծրագրով Կառավարությունն առաջարկել է որոշակի պայմանների բավարարման դեպքում ներդրումների 10-ից մինչև 40 տոկոս աջակցություն հենց ենթակառուցվածքների տեսքով:

«Տվյալ նախաձեռնությունը հետևյալն է: «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ընկերությունը Աբովյան քաղաքում ներդրում է կատարում և կառուցում է 218 սերվերային պահեստներ ծավալով տվյալների մշակման կենտրոն, որտեղ մատուցվելու են վիրտուալ սերվերների ծառայություններ, ամպային ծառայություններ և մի շարք այլ թվային տվյալների մշակման հետ կապված ծառայություններ»,- ասաց նախարարի տեղակալը:

Նա տեղեկացրեց, որ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ»-ն ներկայացրել է 11 մլրդ դրամի ներդրումային ծրագիր, որի գրեթե կեսն արդեն իսկ կատարվել է. և առաջիկայում կկատարվեն ևս 6.5 մլրդ դրամ ներդրումներ: Իսկ ներդրումների արդյունքում կստեղծվեն նոր աշխատատեղեր՝ բավականին բարձր աշխատավարձով:

«Ծրագրի իրականացման նպատակով ընկերությունը ակնկալում է ստանալ աջակցություն տվյալների կենտրոնի շահագործման համար փոխլրացնող երկու ենթակայանների, ինչպես նաև տվյալների մշակման կենտրոնի համար ճանապարհային որոշակի հասանելիության  հետ կապված: Ընդհանուր աջակցության ծավալը լինելու է 613 մլն դրամ»,- ասաց Ռաֆայել Գևորգյանը:

  • Կիսվել: