շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀՀ կառավարությունը 5 ընկերության ազատեց ներմուծման մաքսատուրքից

ՀՀ կառավարությունը 5 ընկերության ազատեց ներմուծման մաքսատուրքից

ՀՀ կառավարությունը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում հինգ ընկերության ազատեց ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի ներմուծման մաքսատուրքից։ Համապատասխան որոշումներն ընդունվեցին գործադիր մարմնի այսօրվա նիստում։
 
Ներմուծման մաքսատուրքից ազատված ընկերություններից մեկը «ՍՈԼԱՐ-5» ՍՊԸ–ն է, որը 5 ՄՎտ հզորությամբ արևային կայան է կառուցել Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքում` փաստացի իրականացնելով 1․5 մլրդ դրամի կապիտալ ներդրում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել ևս 60․6 մլն դրամի ներդրում: Նոր աշխատատեղերի ստեղծում չի նախատեսվում։
 
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 60․6 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 4․8 մլն դրամ:
«ՊԱԿ ՊԵՆ» ՍՊԸ–ն, որը զբաղվում է տարբեր տեսակի և նշանակության ինքնակպչուն ժապավենների արտադրությամբ, ծրագրի շրջանակում նախատեսում է իրականացնել 15 մլն դրամի կապիտալ ներդրում և 773 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 48․6 մլն դրամ:
 
Ընկերությունից խոստանում են ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 3 նոր աշխատատեղ՝ մինչև 180 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
«ՍԱՐԱՆԻՍՏ» ՍՊԸ կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել ապակե տարաների արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 340 մլն դրամի ներդրում ապակու հալման վառարանի վերակառուցման համար։ Մինչև 2024 թվականի ավարտը ընկերությունը նոր աշխատատեղերի ստեղծում չի նախատեսում։
 
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 335․9 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 43․4 մլն դրամ:
«Վ․Ա․Շ․ ՏՐԱՆՍ» ՍՊԸ կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ կողմից ներմուծվող և հետագայում ընկերությանը տրամադրվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը ևս ազատվեցին ներմուծման մաքսատուրքից։
2023 թվականին հիմնադրված ընկերության կողմից ներմուծվող սարքավորումները և քարշակները նախատեսվում են օգտագործել ցինկապատ մետաղական տանիքի ծածկերի, ջրահեռացման համակարգերի և համալրող այլ աքսեսուարների, եվրոդուռ-լուսամուտների և գիպսակարտոնի պրոֆիլների արտադրության և վերջնական արտադրանքի տեղափոխման համար։ Արտադրությունն իրականացվելու է Կոտայքի մարզում։
 
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 797 մլն դրամի ներդրում, ստեղծել 40 նոր աշխատատեղ՝ մինչև 200-250 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 797 մլն դրամ։ Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 53 մլն դրամ։
 
Ներմուծման մաքսատուրքից ազատված մյուս ընկերության` «ԳՌՕՄ» ՍՊԸ կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել լվացող և մաքրող միջոցների («Նաշ Սադ» ապրանքային նշանի ներքո) արտադրության համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 870 մլն դրամի ներդրում հումքի և 200 մլն դրամի ներդրում հիմնական միջոցներ ձեռք բերելու համար։
Նախատեսվում է ստեղծել 38 նոր աշխատատեղ՝ 250 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։
 
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 870 մլն դրամ։ Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 55․5 մլն դրամ:
Իսկ «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» ԲԲԸ կողմից ներմուծվող սարքավորումները պետք է օգտագործվեն պողպատե ամրանների և պողպատե աղացագնդերի արտադրության համար։ Արդեն իսկ իրականացվել է 20 մլրդ դրամի կապիտալ ներդրում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1 մլրդ դրամի ներդրում, որից 955 մլն դրամը` հաստոցներ ձեռք բերելու, իսկ մնացած մասը` դրանց տեղակայման աշխատանքների իրականացման համար։ Կստեղծվի 93 նոր աշխատատեղ՝ մինչև 360 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
 
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 955 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 95․5 մլն դրամ:
Ի դեպ, այս ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ–երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերությունների տեխնիկական պահանջներին։

  • Կիսվել: