ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՀՀ իշխանությունն ուզում է պարզեցնել տեղական էլեկտրոնիկայի արտահանումը

ՀՀ իշխանությունն ուզում է պարզեցնել տեղական էլեկտրոնիկայի արտահանումը

Հայաստանի իշխանությունը պատրաստվում է լրացուցիչ որոշումներ կայացնել տեղական, ոչ վերարտահանվող էլեկտրոնիկայի արտահանումը դյուրացնելու նպատակով։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը։
Առաջիկայում նախարարությունը կառավարությանը կներկայացնի այսպես կոչված «Ata carnet» կոնվենցիայի գործարկման կարգը: Ուղեկցող փաստաթղթերի այս տեսակը տրվում է ապրանքների ժամանակավոր՝ մինչև մեկ տարի ժամկետով արտահանման դեպքում և ազատում մաքսազերծումից (քանի որ հաստատում է, որ արտահանվող ապրանքները չեն վաճառվում և որոշ ժամանակ անց վերադառնալու են):
 
Այդպիսի փաստաթղթերով ավելի հեշտ է ապրանքների նմուշներ տանել արտասահմանյան ցուցահանդեսներ կամ դրանք ուղարկել հաճախորդներին (որպես սերիական առաքմանը նախորդող փորձնական օրինակներ): Սա հատկապես արդիական է տեխնոլոգիական արտադրությունների համար (միկրոսխեմաներ, օպտիկական և չափիչ սարքավորումներ և այլ սարքեր, որոնք փոքր քանակությամբ արտադրվում են Հայաստանում)։
 
Իրավական առումով Հայաստանը կոնվենցիային միացել է 2017 թվականին, սակայն փաստացի 6 տարվա ընթացքում որևէ ընթացակարգ չի ընդունվել, որով Հայաստանի մաքսային ծառայությունները կկարողանային նման ապրանքներ ընդունել և բաց թողնել:
Արտահանմանն առնչվող մի շարք այլ հարցեր էլ կան, օրինակ՝ ծագման երկրի հստակեցման հետ կապված (հստակ տարբերակելու համար՝ ապրանքը Հայաստանո՞ւմ էարտադրված, թե՞ վերարտահանվում է)։ Դրա ընթացակարգերը վաղուց գոյություն ունեն։ Հարկավոր է, որ ապրանքի արժեքի առնվազն 51%-ը ձևավորվի Հայաստանում (հումքի, դետալների պատրաստման, սպասարկող սոֆթի կազմման և այլնի հաշվին)։ Փոխնախարարի խոսքով` կարևոր է, որ բիզնեսը հնարավորություն ստանա այդ փաստաթղթերն ուղարկել էլեկտրոնային տարբերակով՝ ժամանակ խնայելու նպատակով։
 
«Մենք արդեն ունենք trade.gov.am հարթակը՝ «մեկ պատուհան» բիզնեսի համար՝ արտաքին առևտրի հետ կապված բոլոր փաստաթղթերի վերաբերյալ: Մենք ցանկանում ենք ընդլայնել այդ հարթակի հնարավորությունները բիզնեսի համար, այդ թվում՝ վերոնշյալ նպատակներով»,-ասաց Գևորգյանը։
 

  • Կիսվել: