հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հղիների նախածննդյան հսկողության եւ ծննդօգնության կազմակերպումը Հայաստանում

Հղիների նախածննդյան հսկողության եւ ծննդօգնության կազմակերպումը Հայաստանում

Պետությունը երաշխավորում է առաջնային օղակում գրանցված բնակչության արտահիվանդանոցային անվճար մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Հղին (այդ թվում` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված) դիմում է առողջության առաջնային պահպանման օղակ` ըստ իր բնակության վայրի ու հաշվառվում:

Ստանալով առողջության մասին քաղվածքը` դիմում կանանց կոնսուլտացիա:

Միաժամանակ, կինն իր բնակավայրի վարչական տարածքի շրջանակներում իրավունք ունի ընտրելու իրեն սպասարկող բժշկին` մանկաբարձ-գինեկոլոգին, և ընտրված բժշկական կազմակերպությունում ստանալու բժշկական օգնություն և սպասարկում` նախածննդյան և հետծննդյան հսկողության մասով:

Հղիների նախածննդյան հսկողությունն իրականացնում են մանկաբարձ-գինեկոլոգը և մանկաբարձուհին (գյուղական բնակության վայրերում, նաև` ընտանեկան բժիշկը, մանկաբարձուհին կամ վերապատրաստված բուժքույրը):

Հղիների անվճար բժշկական օգնությունը ներառում է`

նախածննդյան հսկողության հետազոտությունների և զննումների սահմանված ծավալները,

հղիների սոցիալ-հոգեբանական աջակցության, ուսուցման և ծննդաբերությանը ֆիզիկական նախապատրաստման աշխատանքների իրականացումը,

մանկաբարձ-գինեկոլոգի ուղեգրմամբ նեղ մասնագետների բժշկական օգնությունը,

ըստ անհրաժեշտության` հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ, հետծննդյան հսկողության տրամադրումը,

հիվանդանոցային մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունը և սպասարկումը:

Հիշեցնենք` մեր երկրում ծննդօգնությունը, անկախ ծննդալուծման եղանակից, իրականացվում է անվճար:

  • Կիսվել: