երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Հեղեղումների հետևանքներն օպերատիվ վերացնելու նպատակով հանդիպել եմ ՀՀՌՑ-ի և «ՀայՓոստ»-ի ղեկավար կազմերի հետ. ԲՏԱ նախարար

Հեղեղումների հետևանքներն օպերատիվ վերացնելու նպատակով հանդիպել եմ ՀՀՌՑ-ի և «ՀայՓոստ»-ի ղեկավար կազմերի հետ. ԲՏԱ նախարար

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը գրել է. «Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների հետևանքներն օպերատիվ վերացնելու նպատակով այսօր հանդիպումներ եմ ունեցել «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) և «ՀայՓոստ» ընկերությունների ղեկավար կազմերի հետ, որի ընթացքում քննարկվել են ջրհեղեղից տուժած բնակավայրերում վերականգնողական աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր։

Հանդիպումից հետո հեռուստատեսային հաղորդիչ կայանների, տեխնիկական միջոցների, կապի և հեռահաղոդակցության ենթակառուցվածքների վիճակին տեղում ծանոթանալու, դրանց վերականգնման ուղղությամբ համապատասխան միջոցներ ձեռնարկելու նպատակով ՀՀՌՑ գլխավոր տնօրեն Նարեկ Ադամյանը, գլխավոր տնօրենի տեղակալ Սահակ Դավթյանը և աշխատակազմի ղեկավար Գոռ Զաքարյանը մեկնել են ջրհեղեղից տուժած բնակավայրեր։

«ՀայՓոստ» ընկերության ղեկավար կազմի հետ հանդիպման ընթացքում զեկուցվել է ներկայիս իրավիճակը, գույքագրված խնդիրները և դրանք լուծելու ուղղությամբ կատարված աշխատանքները:

Նշվել է, որ Ալավերդիում փոստային ծառայությունների աշխատանքների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով փոխվել է փոստափոխանակման երթուղին, այն գյուղերը, որտեղ դեռևս հասանելիության խնդիր կա, հասանելիություն ապահովելու համար քննարկվում են այլընտրանքային ճանապարհներ: Նշված վայրերում փոստային բաժանմունքները շարունակում են իրենց բնականոն աշխատանքները։

«ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը տեղեկացրել է նաև, որ այսօրվանից կգործարկվի արտակարգ իրավիճակներում գործող օպերատիվ շտաբը՝ խնդիրներին արագ արձագանքելու նպատակով»:

  • Կիսվել: