երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հայկական դրամի որոշակի արժևորում կա. ԿԲ

Հայկական դրամի որոշակի արժևորում կա. ԿԲ

Հայկական դրամն այս պահի դրությամբ որոշակիորեն արժևորվել է:  Այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ասուլիսում:

Փոխարժեքի վրա ազդում են բավականին մեծ սպեկտորի գործոններ: «Հայկական դրամի որոշակի արժեզրկում տեղի ունեցավ, ու ոչ միայն հայկական դրամի: Աշխարհաքաղաքական զարգացումներից ելնելով՝ օրինակ ռուսական ռուբլիի և այլ արժույթների տատանողականություն ևս նկատեցինք շուկաներում: Այս պահի դրությամբ, եթե ես չեմ սխալվում, հայկական դրամի որոշակի արժևորում կա»,-ասաց Գալստյանը:

Դրա վրա ազդում են տարբեր գործոններ՝ պայմանավորված պահանջարկով ու առաջարկով: Եթե պահանջարկը ավելի շատ է լինում, նկատվում է դրամի արժեզրկում, եթե քիչ՝ ապա արժևորում: ԿԲ նախագահը դա բնականոն գործընթաց է համարում:

«Ֆունդամենտալներով պայմանավորված՝ որևէ տատանողականության առիթ չկա: Ինչ վերաբերում է կարճաժամկետ տատանումներին, դրանք միշտ կարող են տեղի ունենալ»,-ասաց ԿԲ նախագահը:

Գալստյանը նկատել է նաև, որ Հայաստանում հասարակությունը շատ ավելի  հանդուրժող է դարձել տատանումների նկատմամբ. եթե 5-6 տարի կամ 10 տարի առաջ դրամի 20-25 դրամով արժեզրկումը որոշակի մտավախություններ կարող էր առաջացնել, ապա հիմա ԿԲ-ն նկատել է, որ նույնիսկ որոշակի տատանումը՝ արժեզրկումը, արժևորումը մարդկանց մոտ վարքագծային էական փոփոխություններ չի առաջացնում:

  • Կիսվել: