ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանը հետևողականորեն առաջ է մղում տարածաշրջանում առկա տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման օրակարգը․ փոխնախարար

Հայաստանը հետևողականորեն առաջ է մղում տարածաշրջանում առկա տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման օրակարգը․ փոխնախարար

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն այսօր առցանց հարթակում մասնակցել է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների տրանսպորտի հարցերով երկրորդ համաժողովի աշխատանքներին։

Արմեն Սիմոնյանը իր և ՀՀ ՏԿԵ նախարարության անունից ողջունել է համաժողովի մասնակիցներին և մաղթել արդյունավետ աշխատանք։

Փոխնախարարն ընդգծել է, որ ժամանակակից շուկայական տնտեսության հիմնական խնդիրներից մեկը ոչ միայն տրանսպորտային հաղորդակցության ապահովումն է, այլ նաև տրանսպորտային ենթակառուցվածքների կառավարման նոր լոգիստիկ մեթոդների և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ՝ վերջինիս սպասարկման որակի և անվտանգության բարձրացումը։

«Ենթակառուցվածքների որակի բարելավումը կարևոր պայման է տրանսպորտային լոգիստիկայի համար: Այս առումով, վերջին տարիներին Հայաստանում լայնածավալ աշխատանքներ են իրականացվել ճանապարհային ցանցի բարելավման ուղղությամբ»,-նշել է Արմեն Սիմոնյանը, ներկայացնելով այս ուղղությամբ Հայաստանում իրականացվող աշխատանքները։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրին, որը հավակնում է դառնալ միջազգային չափանիշներին համապատասխան տարանցիկ միջանցք՝ կապելով Եվրոպան և Ասիան, Եվրասիական տնտեսական միության շրջանակում թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ստեղծմանը, երկրում ճանապարհային վճարի էլեկտրոնային գանձման համակարգի ներդրմանն ուղղված աշխատանքներին։

«Հայաստանի Հանրապետության ստանձնած միջպետական պարտավորությունների շրջանակում նախատեսվում է կատարելագործել ճանապարհային, երկաթուղային և օդային փոխադրումների ոլորտը կարգավորող օրենսդրությունը։ Համաձայնեցվել է նաև ԵՄ -ի և Հայաստանի միջև ընդհանուր օդային տարածքի մասին համաձայնագրի տեքստը»,-հավելել է փոխնախարարը՝ ընդծելով, որ Հայաստանը հետևողականորեն առաջ է մղում տարածաշրջանում առկա տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման օրակարգը, ինչը նոր հնարավորություններ կստեղծի Հարավային Կովկասում խաղաղության դարաշրջան բացելու համար և նոր թափ կհաղորդի այսօրվա համաժողովի օրակարգում ներառված Կայուն զարգացման մի շարք մարտահրավերների լուծմանը։

  • Կիսվել: