Հայաստանը ձգտում է ամրապնդել զբոսաշրջային կապերը Կատարի հետ
Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանն այցելել է Կատար, որտեղ հանդիպել է բիզնես առաջնորդների և շահագրգիռ կողմերի հետ՝ երկու երկրների միջև զբոսաշրջային կապերը խթանելու և Հայաստանը կատարցի զբոսաշրջիկների համար որպես գրավիչ ուղղություն ներկայացնելու համար։
Լուսինե Գևորգյանը հարցազրույց է տվել կատարական The Peninsula լրատվամիջոցին՝ ոգևորություն հայտնելով Հայաստանի և Կատարի զբոսաշրջային կապերի վերաբերյալ և իր այցը նկարագրելով որպես երկկողմանի ճամփորդությունների խթանման մեկնարկային կետ։
Լուսինե Գևորգյանը գոհունակություն է հայտնել զբոսաշրջության ոլորտում Կատարի գրանցած աճի վերաբերյալ՝ հույս հայտնելով, որ Հայաստանը կարող է ընդօրինակել Կատարի հաջողության պատմությունն այս ոլորտում։
ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահը հայտնել է, որ մայիսի 3-ին Կատարում Հայաստանի դեսպանատանը շնորհանդես է անցկացվել՝ Կատարի գործարար համայնքին Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը ներկայացնելու համար։ «Մենք տեսնում ենք հիանալի հնարավորություն՝ զարգացնելու ինչպես ներգնա, այնպես էլ արտագնա զբոսաշրջությունը»,- ասել է Գևորգյանը։
Նա նշել է, որ Հայաստանը զբոսաշրջիկների համար գրավիչ երկիր է տարվա բոլոր եղանակներին՝ շեշտելով, որ երկիրը հարուստ առաջարկներ ունի զբոսաշրջիկների համար ամբողջ տարվա ընթացքում։ «Ձմռանը շատ հայեր մեկնում են Կատար՝ վայելելու տաք կլիման և ծովը, հատկապես Նոր տարվա տոների ժամանակ։ Այժմ մենք խթանում ենք, որպեսզի Հայաստանը գրավիչ ուղղություն դառնա ամառային և աշնանային ճանապարհորդությունների համար։ Մեր կանաչ լեռները, էկո-գյուղատնտեսությունը և բերքահավաքի սեզոնը առաջարկում են եզակի փորձառություն», - նշել է Գևորգյանը։
ՀՀ տուրիզմի կոմիտեի նախագահը հավելել է, որ Հայաստանում աճող ուղղություն է արկածային տուրիզմը, մասնավորապես լեռնագնացությունը, կայակինգը, արշավները գրավում են միջազգային այցելուներին։ Գևորգյանը նշել է, որ վերջերս ITB Berlin-ում, որը աշխարհի առաջատար զբոսաշրջային առևտրային ցուցահանդեսներից մեկն է, Հայաստանը ճանաչվել է «Լավագույն արկածային ուղղություն»։
Լուսինե Գևորգյանը նաև ասել է, որ Հայաստանում ավելի քան 25 հազար պատմական և մշակութային հուշարձան կա։
Նա անդրադարձել է նաև հայկական խոհանոցին՝ շեշտելով դրա բազմազանությունը։ «Ծիրանի սեզոնը Հայաստանում սկսվում է հունիսից, իսկ մեր գյուղատնտեսության ոլորտը գրավում է ներդրողներին արաբական աշխարհից»,- ասել է ՀՀ տուրիզմի կոմիտեի նախագահը։
Լուսինե Գևորգյանի խոսքով՝ Կատարի և Հայաստանի միջև ճամփորդություններն այժմ ավելի հարմար են, քան երբևէ: Qatar Airways-ի ամենօրյա ուղիղ չվերթերը զգալիորեն կրճատել են ճանապարհորդությունը՝ հասցնելով այն ընդամենը 2.5 ժամի: «Դա նման է տաքսիով ընկերոջդ այցելելուն», - նշել է Գևորգյանը՝ շեշտելով նաև այն հանգամանքը, որ Կատարի քաղաքացիների համար Հայաստան այցելելը շատ հեշտ է, նրանք կարող են հեշտությամբ էլեկտրոնային վիզա ստանալ կամ այցելել Հայաստանի դեսպանատուն ու վիզա ստանալ այնտեղ։
Հայաստանը ակտիվորեն ներդրումներ է փնտրում զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտում: «Մեր կառավարությունն առաջարկում է պարզ, թվային գործընթաց՝ ընդամենը մեկ օրում բիզնես սկսելու համար։ Մենք հատկապես խրախուսում ենք ներդրումները հյուրանոցներում և ռեստորաններում», - ընդգծել է Լուսինե Գևորգյանը:
Նրա խոսքով՝ հալալ սննդի տարբերակները գնալով ավելի մատչելի են դառնում Հայաստանում՝ բավարարելով շատ զբոսաշրջիկների նախասիրությունները: «Մենք հասկանում ենք մշակութային առումով համապատասխան փորձառություններ առաջարկելու կարևորությունը», - հավելել է նա:
Չնայած առկա ներուժին՝ Կատարից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը համեստ է. անցած տարի Կատարից Հայաստան է այցելել 300 զբոսաշրջիկ։ Այնուամենայնիվ, Լուսինե Գևորգյանը նշել է, որ միտումը փոխվում է: Հայաստանը նաև նախատեսում է մարքեթինգային արշավներ սկսել Կատարում: