ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայաստանում հանքարդյունահանումն իրականացվել և իրականացվում է մի շարք օրենքների և միջազգային կոնվենցիաների խախտումներով. քննիչ հանձնաժողովի զեկույցը

Հայաստանում հանքարդյունահանումն իրականացվել և իրականացվում է մի շարք օրենքների և միջազգային կոնվենցիաների խախտումներով. քննիչ հանձնաժողովի զեկույցը

Թափանցիկություն, հաշվետվողականություն. հիմնական խնդիրները, որոնց բախվեց քննիչ հանձնաժողովը հանքարդյունահանողների գործունեությունը ուսումնասիրելու ընթացքում, կատարված հարցումներին ոչ ամբողջական պատասխաններն են կամ պատասխաններից խուսափելը: Պահանջված տեղեկատվությունները պարունակել են առևտրային գաղտնիք, անհասանելի են եղել լիարժեք ուսումնասիրություններ կատարելու ընթացքում: Այս մասին ԱԺ-ում Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կատարած աշխատանքների վերաբերյալ զեկույցը ներկայացնելիս՝ ասաց հանձնաժողովի նախագահ Սերգեյ Բագրատյանը:

Նա ներկայացրեց 2019 թվականի սեպտեմբերին պատգամավորների առնվազն մեկ քառորդի պահանջով ստեղծված քննիչ հանձնաժողովի աշխատանքների ամփոփ արդյուքները՝ նշելով, որ հանձնաժողովը դիմել ՀՀ դատախազություն, ՊԵԿ, Հաշվեքննիչ պալատ: Տեղեկացրեց, որ կայացել է նիստ, որում նշվել է, որ Հայաստանում գործում է 30 մետաղական հանքավայր:

 

Նա ներկայացրեց, որ հանձնաժողովի նիստերից մեկում քննարկվել է ոլորտի վերաբերյալ Գլխավոր դատախազության և ՏԿԵՆ-ի՝ հանձնաժողովին տրամադրված տեղեկությունները: Քննարկվել են մետաղական հանքարդյունաբերության ոլորտին առնչվող հարցերը: Դատախազությունը տեղեկացրել է, որ երկու հանքավայրի նկատմամբ կան հարուցված քրեական գործեր: Հանքավայր շահագործող 27 ընկերություններն ունեն լիցենզիաներ, որոնց ժամկետներն ավարտվում են սկսած 2025-2045 թվականներին: Շեշտվել է այն փաստը, որ ակտիվ շահագործման փուլում գտնվող հանքավայրերից որևէ մեկը շահութահարկ չի վճարում, այսինքն շահույթով չի աշխատում: Առաջարկվել է ուսումնասիրել այդ կազմակերպությունների ներդրումային ծրագրերը, ծավալները և նպատակները: Ասաց, որ տեղի է ունեցել քննիչ հանձնաժողովի աշխատանքային քննարկում և բնապահպան, իրավաբան Նազելի Վարդանյանը հանձնաժողովի անդամներին ներկայացրել է ուսումնասիրություն: Տեղեկացրեց, որ Վարդանյանի հավաստմամբ՝ ուսումնասիրվել է 10 հազար էջ փաստաթուղթ, արդյունքում պարզվել է, որ մեր երկրում հանքարդյունահանումն իրականացվել և իրականացվում է մի շարք օրենքների, միջազգային կոնվենցիաների խախտումներով:

«Ըստ բնապահպան-իրավաբանի՝ նախորդ իշխանությունները Ամուլսարի շահագործման հետ կապված անօրինական որոշումներ են կայացրել: Ջրային օրենսգրքով և «Սևանի մասին» օրենքով արգելվում է լճի ջրահավաք ավազանի տարածքում հանքարդյունահանության իրականացումը: ՀՀ օրենսդրությամբ և միջազգային կոնվենցիաներով չի թույլատրվում հանք շահագործել այն տեղանքներում, որտեղ ապրում են կարմիր գրքում գրանցված կենդանատեսակներ և թռչնատեսակներ: Բանախոսն անդրադարձել է նաև Ջերմուկի շրջանի խնդիրներին և անթույլատրելի համարել քաղաքի հարևանությամբ հանքի շահագործումը»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ հանձնաժողովի հաջորդ աշխատանքային քննարկումը տեղի է ունեցել 2020 թվականի փետրվարի  5-ին»,- ասաց Բագրատյանը՝ նշելով, որ քննարկել են նաև Ամուլսարի շահագործման տարածքում առկա պատմամշակութային հուշարձանների պահպանության թեման:

Բագրատյանի խոսքով՝ ՀՀ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի 2018 թվականի հուլիսի 4-ի թիվ 30 և 2018 թվականի հուլիսի 17-ի թիվ 33ա հանձնարարագրերի հիման վրա «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ում իրականացված ստուգման արդյուքնում արձանագրվել են Ամուլսարի ոսկեբեր երկրորդական քվարցիտների հանքավայրի լեռնահատկացման, ԼՎ 245 ակտի սահմաններում ընկերության կողմից ընդերքի ապօրինի օգտագործման փաստեր:

«Դրա և մի քանի այլ հանքավայրերի կողմից ներկայացված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունը ստուգելու համար դիմել ենք ՀՀ հաշվեքննիչ պալատին հանձնաժողովին արհեստավարժ մասնագետներ տրամադրելու համար: 2019 թվականի դեկտեմբերի 10-ին պատասխան գրություն ենք ստացել, որ նշված ոլորտի մասնագետներ տվյալ պահի դրությամբ Հայաստանի հաշվեքննիչ պալատում  առկա չեն»,- ասաց Բագրատյանը՝ հայտնելով, որ 2020 թվականին իրենց գրությանն ի պատասխան ԿԳՄՍ նախարարությունը հայտնել է, որ պատմամշակութային ժառանգության, գիտահետազոտական կենտրոնի ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից Ամուլսարի շրջանակում Գորայք և Գնդեվազ համայքների տարածքում հայտնաբերվել է պատմական տարբեր դարաշրջաններով թվագրվող հնագիտական հուշարձաններ:

  • Կիսվել: