Հայաստանում առաջին անգամ օրգանական գինի է արտադրվել
Հայաստանում առաջին անգամ արտադրվել է հավաստագրված օրգանական գինի, իսկ հեղինակավոր «Ֆորբս» ամսագրում հրապարակվել է հայկական գինու մասին 2 հոդված. այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը:
Նրա խոսքով՝ փաստն անչափ կարեւոր է ե՛ւ գինեգործության, ե՛ւ երկրում օրգանական գյուղատնտեսության հետագա զարգացման համար: Մուրադյանը նշեց նաև, որ հայկական գինին այս տարի նոր շուկաներ է մտել, մասնավորապես՝ Չինաստան, Կանադա, Լեհաստան, Նիդեռլանդներ:
«Իրականացվել են գինեգործական ծրագրեր, ուսումնասիրվել են խաղողի տարբեր տեսակները, կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ: Նշված երկրներում գինու ավելի քան 300 տեսակ է ներկայացվել»,- ասաց նա:
Զարուհի Մուրադյանի խոսքով՝ տարվում է նաեւ հայկական գինու ճանաչելիության մեծացման աշխատանք, քանի որ այն տվյալների տեղեկատվական բազաներում հաճախ ներկայացվում է որպես վրացական եւ ադրբեջանական:
«Այսպիսի թյուրիմացությունից խուսափելու համար, հիմնվել է տեղեկատվական բազա, որտեղ արդեն ներառվել են հայկական գինիների 170 տեսակներ»,- ընդգծեց Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի տնօրենը: