շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հայաստանում 2020 թ-ի 10-րդ ամսի 10-րդ օրը կտնկվի 10 մլն ծառ. Փաշինյան

Հայաստանում 2020 թ-ի 10-րդ ամսի 10-րդ օրը կտնկվի 10 մլն ծառ. Փաշինյան

Տեխնոլոգիաների զարգացումն առաջին հերթին մտածողության զարգացում է։ Այս մասին այսօր «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. Փոխակերպելով բանականությունը» համաժողովի բացման ժամանակ ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կարևորելով միջոցառումի անցկացումը Հայաստանում՝ նշեց, որ նման միջոցառումները շատ կարևոր են մարդու և տեխնոլոգիաների հարաբերությունները կարգավորելու և զարգացնելու առումով։

«Ընդհանրապես, ամենասկզբից, առաջին ինդուստրիալ հեղափոխության օրերից արձանագրվել է մարդու վախը տեխնոլոգիաների նկատմամբ։ Երբ հայտնվում էին առաջին հաստոցները, որոնք գալիս էին փոխարինելու ինչ-որ չափով մարդու աշխատանքը, արհեստավորները, որոնք այդ ժամանակ բավական ազդեցիկ տնտեսական խավ էին, մտնում էին մանուֆակտուրաներ և ջարդուփշուր անում հաստոցները՝ ունենալով առաջին հայացքից շատ լեգիտիմ մտահոգություն: Մտահոգությունը հետևյալն էր՝ եթե այն աշխատանքը, որ անում ենք մենք՝ մարդիկ, պետք է անեն հաստոցը, ի՞նչ պետք է անենք մենք, ինչով պետք է զբաղվենք, ապրենք մենք: Բայց ժամանակը բերեց մի հետաքրքիր իրողություն։ Պարզվեց՝  երբ մարդու ձեռքերը շատ թե քիչ ազատվում են, առաջին հերթին ազատվում է մարդու միտքը, որը նոր տարածքներ գրավելու հնարավորություն է ունենում: Հետևաբար, տեխնոլոգիաների զարգացումն առաջին հերթին մտածողության զարգացում է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ նոր մտածողությունը բերել է նոր տեխնոլոգիաներ, նոր տեխնոլոգիաները հանգեցնում են նոր մտածողությանը և այդպես շարունակ։

«Երբ ասում ենք ինովացիա, առաջին հերթին նկատի պետք է ունենանք մտքի, մտածողության ինովացիա, որը փոխում է աշխարհը։ Շատ դեպքերում ինովացիա, տեխնոլոգիաներ ասելով մարդիկ հասկանում են կոնկրետ առարկաներ, գործիքներ, ծրագրեր, բայց իրականում ինովացիան տեղի է ունենում մեր մտածողության մեջ, զարգանում է մարդու միտքը»,- ընդգծեց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսօր ամենակարևոր հրատապ հարցերից մեկը կապված է արհեստական բանականության հետ և այդ նույն վախերն առաջանում են արհեստական բանականության զարգացման հետ:

«Տեխնոլոգիաների պատմությունը մեզ հույս է տալիս, որ արհեստական բանականության զարգացումը մարդու միտքը կազատի այնպես, ինչպես առաջին ինդուստրիալ հեղափոխության ժամանակ ազատվեցին մարդու ձեռքերը, ապա նաև միտքը: Այն մտավոր աշխատանքի մի մասը, որը կանի արհեստական բանականությունը, տարածք կազատի, որ մարդու մտածողությունը, միտքը նոր ուղղություններ հայտնաբերի, նոր տարածքներ նվաճի: Ես կարևոր եմ համարում, որ Հայաստանում այսօր մենք կարողանանք հաղթահարել վախերը ոչ միայն տեխնոլոգիաների նկատմամբ, այլ բոլոր վախերը»,- ընդգծեց նա։

Ըստ վարչապետի՝ վախն այն կարևոր գործոնն է, որ ամենուր խոչընդոտում է զարգացումը, առաջընթացը, հաղթանակի հասնելու  ձգտումը:

«Ես հույս ունեմ, որ Գլոբալ ինովացիոն ֆորումի անցկացումը հայ ժողովրդին ու մարդկությանը կօգնի հաղթահարել ու կառավարել գլոբալ վախերը: Սա կլինի թերև ամենակարևոր արդյունքը, որին պետք է ձգտենք ոչ միայն այսօր, այլև առաջիկայում»,- ընդգծեց  Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև հայտարարեց ամբիոցիոզ ծրագրի մասին։  «Կառավարությունը մի շատ ամբիցիոզ ծրագիր է մշակել, որը պիտի իր գագթնակետին հասնի 2020 թվականի հոկտեմբերի 10-ին: Այդ օրը նախատեսում ենք Հայաստանում տնկել 10 մլն ծառ, 10-րդ ամսի 10-րդ օրը, որը կխորհրդանշի 10 մլն հայության միասնությունը Հայաստանի պետականության, Հայաստանի Հանրապետության շուրջ և Հայաստանի Հանրապետությունում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն էլ նշեց, որ դա ոչ միայն նոր գաղափար է ամբողջ հայության միավորման համար, այլ նաև իրենց քայլն է՝ համաշխարհային բնապահպանական խնդիրների լուծման ուղղությամբ: «Այս քայլով ուզում ենք նաև կոչ անել համաշխարհային հանրությանը՝ շարունակել այս մարտահրավերը և պայքարել գլոբալ բնապահպանական խնդիրների, կլիմայական փոփոխությունների և այլ հարցերի շուրջ»,-ընդգծեց նախարարը:

 

 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: