ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանն ու Ռուսաստանը համագործակցում են գինեգործության բնագավառում. ՍԱՏՄ

Հայաստանն ու Ռուսաստանը համագործակցում են գինեգործության բնագավառում. ՍԱՏՄ

Ռուսաստանի մայրաքաղաքում ապրիլի 22-ին անցկացվել է «Նոր օրենսդրությունն ու նորմատիվ փոփոխությունները Ռուսաստանյան գինեգործության ոլորտում․ Ազգային կոնյակի կոդ ծրագիրը գինեգործական արտադրանքի որակի և հետագծելիության միասնական մոնիտորինգային համակարգում» միջազգային կոնֆերանսը, որին մասնակցել է նաև հայկական պատվիրակությունը՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։

Ըստ աղբյուրի՝ կառույցի ղեկավարը ներկայացրել է խաղողագործության և գինեգործության արդի վիճակը երկրում, արտադրության ծավալները, արտահանման ու դրա նկատմամբ վերահսկողության մեխանիզմները՝ ներառյալ որակի և անվտանգության պահպանման ուղղությամբ ներդրված մեթոդները։

Գեորգի Ավետիսյանը նաև մանրամասնորեն անդրադարձել է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև բավականին ակտիվ համագործակցությանն այս ոլորտում, խոսել արտահանման ծավալների, դրանց ավելացման ու զարգացման միտումների մասին։ «Այս պահին մենք բավականին ինտենսիվ համագործակցություն ենք ծավալել ՌԴ Սննդի որակի և տեխնոլոգիայի հիմնարար և կիրառական հետազոտությունների լաբորատորիայի հետ, որի գիտական ներուժը և տեխնիկական զարգացումները հետագայում ակտիվորեն կօգտագործվեն մեր կադրերի վերապատրաստման և Հայաստանի Հանրապետության իզոտոպային բանկի ստեղծման գործում»,- նշել է Գեորգի Ավետիսյանը։

Կոնֆերանսի շրջանակներում հայկական պատվիրակությունը հանդիպումներ և քննարկումներ է ունեցել նաև այլ երկրների ներկայացուցիչների հետ։

 

  • Կիսվել: