Հայաստանն ու Չինաստանը կկարգավորեն ավտոմոբիլային փոխադրումները
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Չինաստանի հետ միջազգային ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մասին համաձայնագրի ստորագրմանը՝ նպատակ ունենալով կարգավորել երկու երկրների միջև ճանապարհային փոխադրումների ոլորտը և խթանել տնտեսական համագործակցությունը։
Պաշտոնական հիմնավորման համաձայն, այս պահին կանոնակարգված չեն Հայաստան–Չինաստան ավտոմոբիլային փոխադրումները, ինչը խոչընդոտում է փոխադրումների իրականացմանն ու տնտեսական համագործակցությանը:
Նոր համաձայնագիրը նախատեսում է ստեղծել իրավական հիմք երկու երկրների միջև ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների ու բեռնափոխադրումների համար՝ համապատասխան միջազգային համաձայնագրերին և երկու պետությունների օրենսդրություններին:
Կառավարության հիմնավորման մեջ նշված է, որ նախաձեռնությունը կնպաստի փոխշահավետ տնտեսական կապերի խորացմանը, ավտոմոբիլային փոխադրումների զարգացմանը և միջազգային տրանսպորտային միջանցքներում համագործակցության ընդլայնմանը:
Համաձայնագրի ստորագրումն իրականացվում է Հայաստանի կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շրջանակում՝ նախատեսված ՀՀ-ՉԺՀ քաղաքական երկխոսության և տնտեսական կապերի խորացման միջոցառումների մասով:


