հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հայաստանի հեռավոր մարզերի համար կգործի ևս մեկ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի շարժական բուժախտորոշիչ կլինիկա

Հայաստանի հեռավոր մարզերի համար կգործի ևս մեկ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի շարժական բուժախտորոշիչ կլինիկա

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրը՝ դեկտեմբերի 1-ին, ՀՀ առողջապահության նախարարության ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում  բացվեց Ռուսաստանի Դաշնության կողմից նվիրաբերված շարժական բուժախտորոշիչ կլինիկան: Շարժական բուժախտորոշիչ կլինիկան թվով չորրորդն է Հայաստանում:

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը ընդգծեց, որ տարիներ շարունակ Հայաստանի կառավարության և առողջապահության նախարարության կողմից մի շարք ծրագրեր են իրականացվել, որպեսզի ՄԻԱՎ-ի թեստավորումը դարձնեն ավելի հասանելի:

«Այս ծրագիրը հենց այդ քայլերից մեկն է, որը հնարավորություն է տալիս հեռավոր շրջաններում, գյուղերում շարժական բուժախտորոշիչ կլինիկայի այցերի միջոցով մեր բնակչությանը տրամադրել ՄԻԱՎ-ի թեստավորման հնարավորություն: Առհասարակ ամբողջ աշխարհում ՄԻԱՎԻ-ի դեպքերը, ցավոք սրտի, աճում են:  Եվ, իհարկե, ուրախալի է, որ մենք արդեն կարողանում ենք հայտնաբերել դեպքերը: Եվ, եթե մարդիկ ավելի շուտ իմանում են իրենց կարգավիճակի մասին և ստանում են դեղերը, որոնք անվճար տրամադրվում են կենտրոնի կողմից,  նրանք կարողանում են երկար տարիներ ապրել որակյալ կյանքով և որևէ առողջական խնդիր չունենալ»,- ասաց փոխնախարարը:

Լենա Նանուշյանն ընդգծեց, որ ծրագիրը իրականանում է Ռուսաստանի Դաշնության գործընկերների  ջանքերի և աջակցության շնորհիվ: Նրա խոսքով՝ թվով չորրորդ շարժական բուժախտորոշիչ կլինիկան նույնպես կսկսի այցելել  այն գյուղեր, շրջաններ, որտեղ միգրացիայի առումով խոցելի բնակչություն ունենք, քանի որ  շատերը գնում են արտագնա աշխատանքի ու, ցավոք սրտի, չիմանալով իրենց կարգավիճակի մասին, վարակը  փոխանցում են իրենց կնոջը:

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ողջունելով կենտրոնի բացումը, նշեց, որ ՌԴ-ի համար ՁԻԱՀ-ի և այլ վարակների դեմ պայքարը հանդիսանում է միջազգային հումանիտար համագործակցության ոլորտի առաջնային խնդիրներից մեկը: «Ռուսաստանի և Հայաստանի ընդհանուր խնդիրներից մեկը մեր քաղաքացիների առողջության պահպանումն է, ինչպես նաեւ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի նպատակով ընդհանուր համակարգի ստեղծումը: Այդ պատճառով տվյալ ծրագրի նպատակն է նվազեցնել Հայաստանում վարակային հիվանդությունների տարածումը»,- ասաց դեսպանը:

ՀՀ ԱՆ ինֆեկցիոն հիվանդությունների կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Աթոյանը շեշտեց միասնական պայքարի և համագործակցության կարևորությունը այս գլոբալ հիմնախնդրի դեմ արդյունավետ պայքարի հարցում։

«Օգտվելով այս առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր գործընկերներին՝ Առողջապահության նախարարությանը, մեր արտասահմանյան գործընկերներին և, իհարկե, մեզ հետ սերտորեն համագործակցող հասարակական կազմակերպություններին։ Պատահական չէ, որ ՌԴ մեր գործընկերների կողմից նախորդ ամիս նվեր ստացած մոբիլ կլինիկայի պաշտոնական բացումը որոշեցինք կազմակերպել հենց այսօր ՌԴ դեսպանի մասնակցությամբ՝ հատուկ ընդգծելու համագործակցության կարևորությունը, քանի որ նախորդ տարիների ընթացքում մոբիլ կլինիկաների միջոցով հնարավոր է եղել ապահովել բավականին մեծ ծածկույթ և հասանելի լինել մեծ թվով մարդկանց համար»,- ասաց նա:

 

  • Կիսվել: