երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հայ-վրացական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի կամրջի շինաշխատանքները շարունակվում են

Հայ-վրացական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի կամրջի շինաշխատանքները շարունակվում են

այաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում` Դեբեդ գետի վրա, «Բարեկամություն անունը կրող նոր կամրջի շինարարության աշխատանքները շարունակվում են։

Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը՝ նշելով, որ այս պահին կապալառու կազմակերպության՝ իրանական «Թունել Սադ Արիանա» ընկերության կողմից կատարվում են բետոնացման և ամրանավորման աշխատանքներ:

Ակտիվ փուլում է գտնվում նախալարված ամրաններով հեծանների արտադրությունը, որոնք օգտագործվում են շինարարության ընթացքում: Կատարված աշխատանքների ամրությունը և որակը ստուգվում է մանրամասն նախագծով սահմանված միջազգային ստանդարտներին համապատասխանության թեստերով:

Հիշեցնենք, որ նոր կամրջի կառուցման մեկնարկը տրվել էր այս տարվա գարնանը։ Հայ-վրացական համատեղ ծրագիրը ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի‚ Հայաստանի և Վրաստանի կառավարությունների կողմից։

Շինաշխատանքների տեխնիկական հսկողությունն իրականացնում է Soosung Engineering Co., Ltd և Korea Consultants International Co., Ltd. (Կորեա) համատեղ գործող ընկերությունը։

Կամրջի շինարարության ծրագիրն իրականացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

  • Կիսվել: