երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հայ-հոլանդական «Ագրիկոն» ինչպես միշտ՝ լավագույն գործընկեր

Հայ-հոլանդական «Ագրիկոն» ինչպես միշտ՝ լավագույն գործընկեր

Կարտոֆիլի սերմարտադրությամբ ամբողջ աշխարհին հայտնի հոլանդական «Ագրիկո» ընկերության գլխավոր տնօրենն ու պաշտոնական ներկայացուցիչները կրկին Հայաստանում էին:

Ընկերության սերմերի եւ բերքի ավանդական դարձած ցուցադրության այս տարվա հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Շիրակի մարզում:

Միջոցառմանը ներկա էին հայ-հոլանդական ընկերության Հայաստանի եւ Հոլանդիայի ղեկավարությունն ու պաշտոնական ներկայացուցիչները եւրոպական մի շարք երկրներից, Հայաստանի իշխանության ներկայացուցիչներ, բազմաթիվ ֆերմերներ եւ հյուրեր:
Ցուցադրության բացման հանդիսության սկզբում «Ագրիկո» ընկերության գլխավոր տնօրեն Յան Ֆանհոխանն ասաց, որ շուրջ 80 երկրների կարտոֆիլ եւ կարտոֆիլի սերմ մատակարարող Հոլանդիան սիրով է համագործակցում հայ գյուղատնտեսների հետ, ապագայում էլ նախատեսում են ավելի խորացնել համագործակցությունը: «Հպարտ և ուրախ ենք, որ այսօր այստեղ ենք: Յան Դեքերն ինձ ասում էր, որ գամ, Հայաստանը տեսնեմ, առանձնահատուկ վերաբերմունք կունենամ այս երկրի և ժողովրդի հանդեպ: Նա ճիշտ էր, դուք հրաշալի երկիր, լավ բնություն ու գիտակ ֆերմերներ ունեք»,-ասաց Ֆանհոխանը:

Ընկերության ներկայացուցիչ Կորյուն Հովակիմյանը ողջունեց ներկաներին եւ տեղեկացրեց, որ ամեն տարի սերմերի 10-12 տեսակ էին փորձարկում, այս տարի կրկնապատկել են՝ հասցնելով 24-ի: Կորյուն Հովակիմյանը ներկայացրեց նաև հանդիսության ավելի մեծ մասշտաբներով տոնելու պատճառը. գործընկերները վաստակած հանգստի ուղարկեցին «Ագրիկոյի» արտահանման գծով ղեկավար Յան Դեքերին, որը Հայաստանի հետ համագործակցության ակունքներում է եղել: Երբ Դեքերին ղեկավարությունը հարցրել է, թե 18 համագործակից երկրներից որտեղ կուզենար նշել հրաժեշտի երեկոն, նա ասել է՝ միանշանակ Հայաստանում:

Դեքերն ասաց, որ հրաժեշտ է տալիս աշխատանքին, բայց Հայաստանն ու գործընկերներին երբեք չի մոռանա: Ըստ նրա՝ հոլանդական տեխնոլոգիայով եւ Հայաստանի հող ու ջրով հրաշալի արդյունքներ են գրանցել:

Յան Դեքերին փոխարինելու էր եկել Մարտին Դեքերը, նա փաստեց, որ եկել է մի տեղ, որտեղ ձեւավորված պատմություն ու ջերմ համագործակցություն կա: «Ապագայում ինձ մնում է պահպանել ու ավելի ջերմացնել ստեղծված հարաբերությունները»,- նշեց նա:
«Ագրիկո» ընկերության երկարամյա գործընկեր, գյուղատնտես Վարդան Ղազարյանը գոհ է նոր սերմնատեսակների բերքատվությունից: Ասում է՝ տարեցտարի ավելի են կատարելագործվում, իրենք բույսին են լավ հասկանում, բույսն էլ՝ իրենց: Ընկերությունից ոչ միայն սերմեր են ստանում, այլեւ ագրոգիտելիքներ, փորձ, գյուղատնտեսական գործիքներ ներկրելու հնարավորություն: Ղազարյանն արդեն փորձի փոխանակման ծրագրերով հասցրել է հինգ անգամ այցելել Հոլանդիա, նոր գիտելիք ու փորձառություն բերել Շիրակ:

Այս տարվա նոր սերմնատեսակները փորձառու ֆերմերը շատ է հավանել, ասում է՝ հենց շրջանառվեն, անպայման կմշակի. ե՛ւ տեսքը, ե՛ւ համային հատկանիշնեը գոհացնող են:
Հունան Պետրոսյանին Շիրակում նույնպես ճանաչում են որպես փորձառու եւ բանիմաց գյուղատնտեսի: Ագրիկոյի հետ երկար տարիների համագործակցության ճանապարհ է անցել: Իր նախընտրած մատակարարը հոլանդականն է: Որքան էլ փորձել է այլ ընկերությունների հետ համագործակցել, միեւնույնն է, ցանքատարածությունների 90 տոկոսը «Ագրիկոյի» սերմերով է մշակում:

Բոլոր կարտոֆիլագործներն են փաստում, որ «Ագրիկոյի» հետ համագործակցության սկիզբը նոր ու լավագույն շրջան է բացել հայ կարտոֆիլագործության աշխարհում: Հայաստանում, մինչ հոլանդական ընկերության հետ համագործակցությունը բերքի նման որակ և քանակ երբևէ չի եղել:

Նշենք, որ 1988-ի երկրաշարժից հետո Հայաստանին աջակցելու նպատակով Հոլանդիայում աղետի գոտու օգնության կոմիտե է հիմնվել: Առաջին գործը, որ Հայաստանում արել է կոմիտեն 1990-ականների սկզբին, չորս դպրոց վերանորոգելն է եղել: Բայց Հոլանդիայում ավելի մեծ գումար էր հավաքվել, քան նախատեսված էր: Գործընթացի հիմնադիրներից Կորյուն Հովակիմյանն ասում է՝ նախընտրել են հավաքված գումարով որակյալ սերմացու բերել Հայաստան: «Ավելի լավ էր ձուկ բռնել սովորեցնեինք, քան միշտ կախվածության մեջ պահելով եւ «օգնություն» որակելով՝ հանրությանը պարբերաբար «ձուկ» տայինք,- աում է Հովակիմյանը եւ հավելում,- նեղության մեջ գտնվող հայրենակիցներին սերմ մատակարարելով՝ մի քանի խնդիր էինք լուծում. մարդիկ հող մշակելով եւ բարիք ստեղծելով կկապվեին հարազատ հողին, կհաղթահարեին արհավիրքն ու դժվարությունները»:

Ընկերությունը առաջին անգամ 60, հաջորդ հինգ տարիներին էլ 3500 տոննա առաջին եւ երկրորդ վերարտադրության սերմ է բերել Հայաստան եւ անվճար տրամադրել գյուղացիական տնտեսություններին: «Ուրախությամբ փաստեցինք, որ հասել ենք մի տեղ, երբ հայ կարտոֆիլագործները հունի մեջ են, սովորել են կարտոֆիլարտադրության գաղտնիքներն ու նրբությունները: Որոշեցինք, որ սերմն արդեն ներկրելու ենք կոմերցիոն հիմունքներով: Այդ օրվանից հայ հողագործը օգնություն ստացողից վերածվեց հոլանդական ամենահեղինակավոր ընկերություններից մեկի գործընկերը»,- ոգեւորված պատմում է Կորյուն Հովակիմյանը:

Ընկերությունը մեծ ներդրում ունի նաև Հայաստանում այդքան մեծ սպառում ունեցող կարտոֆիլի ցածր արժեքը պահելու գործում:

  • Կիսվել: