չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հաստատվեց Կորոնավիրուսի հետևանքների հակազդման միջոցառումների համապարփակ ծրագիրը

Հաստատվեց Կորոնավիրուսի հետևանքների հակազդման միջոցառումների համապարփակ ծրագիրը

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Կորոնավիրուսի հետևանքների հակազդման միջոցառումների համապարփակ ծրագիրը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացնելով ծրագիրն՝ ասաց, որ նախագծով առաջարկվում է ընդունել աջակցության համապարփակ ծրագիր, որն ուղղված է լինելու մի շարք խնդիրների լուծմանը։

Մասնավորապես՝ ըստ ոլորտների օժանդակել կորոնավիրուսի հետևանքով ՀՀ առանձին տնտեսավարողների մոտ կանխատեսվող  ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմմանը, տնտեսության կայուն և շարունակական զարգացմանը, կորոնավիրուսի հետևանքով աշխատանք կորցրած խմբերի բացահայտմանը և օժանդակելուն, ապահովել սոցիալապես անապահով, սոցիալական խոցելի խմբերի սոցիալական անվտանգությանը, աջակցել նրանց և նրանց ընտանիքների տնտեսական կայունացմանը, կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարի նպատակով նպաստել առողջապահական համակարգի վերազինմանը, ապահովել պարենային, դեղորայքային, հումքային, իրային և այլ անհրաժեշտ պահուստների կառավարման արդյունավետությունը:

Փոխվարչապետը նշեց, որ իրենք բաց են մնում քննարկումների համար թե հանրային տիրույթում, թե մասնագիտական:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով ծրագրին՝ նշեց. «Մենք այս ծրագրով ոչ միայն ուզում ենք աջակցել մեր տնտեսության մրցունակ հատվածին, և աջակցել սոցիալական առաջին հարվածները ստացած խավերին, այլ փաթեթի խորքային նպատակը մեր քաղաքացիներին հետկորոնավիրուսային շրջանում մրցունակ գործունեություն և մրցունակ տնտեսություն կառուցելու նախապատրաստելն է: Սրա մասին մենք ոչ մի պարագայում չպետք է մոռանանք: Մենք ավանդական գոյատևման տրամաբանությունից պետք է տեղափոխվենք զարգացման, ուժեղացման, մրցունակության բարձրացման տրամաբանություն:

Մենք զբաղված չենք գոյապայքարով, այլ զբաղված են ապագա աշխարհում մեր տեղադիրքը, մեր հանրային հարաբերությունների մակարդակը, աշխատաշուկայում յուրաքանչյուրի մրցունակությունն ուժեղացնելու ծրագիր որդեգրելով»:

Նիկոլ Փաշինյանը նաև ասաց, որ պետք է այնպես անեն՝ չորեքշաբթի օրվանից ֆինանսները մուտք գործեն տնտեսություն և սկսեն շրջանառվել։

  • Կիսվել: