կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Հաշվեքննիչ պալատը ներկայացրել է ՏԿԵՆ-ում 2021 թ. պետբյուջեի վեց ամիսների կատարման հաշվեքննության արդյունքները

Հաշվեքննիչ պալատը ներկայացրել է ՏԿԵՆ-ում 2021 թ. պետբյուջեի վեց ամիսների կատարման հաշվեքննության արդյունքները

Դեկտեմբերի 16-ին Գևորգ Պապոյանի ու Վահե Ղալումյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի ու տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը:

Քննարկվել է Հաշվեքննիչ պալատի ներկայացրած` Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում ՀՀ 2021 թ. պետական բյուջեի վեց ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը:

Հիմնական զեկուցող ՀՀ հաշվեքննիչ պալատի հինգերորդ վարչության պետ Ժորա Մարգարյանը նշել է, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում իրականացվել է փաստաթղթային ու ֆինանսական հաշվետվության համապատասխանության հաշվեքննություն: Այն ներառել է 12 ծրագիր, որի փաստացի ծախսը կազմում է 23 մլրդ դրամ, դրամարկղայինը` 18,9 մլրդ դրամ:

Հիմնական զեկուցողն ընդգծել է, որ հաշվեքննված 12 ծրագրից 8-ի շրջանակում, համաձայն բյուջեի կատարողական ցուցանիշի, բյուջեի առաջին կիսամյակի ճշտված ցուցանիշները չեն կատարվել, կամ կատարվել են թերի: Ժորա Մարգարյանի խոսքով` ծրագրերում արձանագրվել են անհամապատասխանություններ, որոնցից ամենաշատը` «Ճանապարհների պահպանման և սպասարկման» ծրագրում:

Հարակից զեկուցող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, անդրադառնալով ծրագրում ներկայացված անհամապատասխանություններին, ընդգծել է, որ ճանապարհաշինարարական աշխատանքները կատարվել են Երևանի քաղաքապետարանի ու Գյումրիի ճանապարհների մրցակցային գնումների ընթացակարգին համապատասխան:

Հաշվեքննիչ պալատի կողմից արձանագրված լաբորատոր վերահսկողության արդյունքների բացակայության վերաբերյալ Վաչե Տերտերյանը նշել է, որ  նախարարությունը չունի լուսացույցների ու լուսաարտացոլող ներկերի լաբորատոր վերահսկողություն իրականացնելու հնարավորություն, ինչպես նաև դա նախարարության գործառույթը չէ: Փոխնախարարի խոսքով` ծրագրված ցուցանիշներից շեղումները հնարավոր է եղել են ոչ ճիշտ պլանավորվորման արդյունք:

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը նշել է, որ Հաշվեքննիչ պալատը դարձել է օգնող մարմին, և որ անհամապատասխանությունների բարձրաձայնելը կնպաստի բարելավել գերատեսչությունների գործունեությունը:

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Ստեփան Մաչյանը պարզաբանել է, որ արձանագրված անհամապատասխանությունները վերաբերում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստան պետական ճանապարհին: Հիմնական պայմանագրի կնքումից հետո առաջացել է լրացուցիչ աշխատանքներ կատարելու անհրաժեշտություն, որն էլ հանգեցրել է բյուջեի ցուցանիշների ավելացմանը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի գնահատմամբ` սխալ պլանավորում է իրականացվել: Նա նշել է, որ ներկայացված հաշվեքննության մեջ առկա են դրվագներ, որոնք պետք է անհետևանք չմնան:

Ամփոփելով համատեղ նիստը` ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը շնորհակալություն է հայտնել Հաշվեքննիչ պալատին` կատարած ծավալուն աշխատանքի համար` նշելով, որ կառույցի խնդիրն անհամապատասխանությունները բարձրաձայնելն է, իսկ քննարկման նպատակը` դրանք հասկանալն ու լուծման տարբերակներ գտնելը:

  • Կիսվել: