շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հարավկորեական երկրորդ խոշորագույն հոլդինգը հետաքրքրված է Հայաստանում գործունեություն ծավալելու հարցում

Հարավկորեական երկրորդ խոշորագույն հոլդինգը հետաքրքրված է Հայաստանում գործունեություն ծավալելու հարցում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը սեպտեմբերի 6-ին ընդունել է հարավկորեական «SK Group» հոլդինգի պատվիրակությանը՝ SK Telecom ընկերության փոխնախագահ Ում Յոնգվանի գլխավորությամբ:

Ողջունելով պատվիրակության այցը ԲՏԱ նախարարություն՝ Գևորգ Մանթաշյանը նշել է, որ բարձր է գնահատում հայ-կորեական բարեկամական կապերի զարգացումը, ընդգծել, որ համագործակցության համար նպաստավոր նախադրյալներ կան հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության և թվայնացման ոլորտներում։

Նախարարի առաջին տեղակալը հյուրերին է ներկայացրել բարձր տեխնոլոգիական ոլորտի ներկա վիճակը, առկա ներուժը, զարգացման միտումներն ու իրականացվող աշխատանքները: Գևորգ Մանթաշյանը ընդգծել է, որ Հայաստանում այժմ գործունեություն են ծավալում ՏՏ ոլորտի համաշխարհային մի շարք խոշոր ընկերություններ և համոզմունք հայտնել, որ «SK Group»-ը կարող է դառնալ դրանցից մեկը:

«SK Group»-ի պատվիրակությունը ևս հետաքրքրվածություն է ցուցաբերել Հայաստանում  գործունեություն ծավալելու հարցում, և այդ համատեքստում, ներկայացրել է հոլդինգի նպատակները, իրականացվող ծրագրերը:

Ոլորտում իրականացվող աշխատանքներին, տեղական կազմակերպությունների գործունեությանն առավել հանգամանալից ծանոթանալու նպատակով՝ պատվիրակության անդամները նախարարությունում տեղի ունեցած հանդիպումից հետո այցելել են «Ինժեներական քաղաք», ԵՊՀ-ում գործող «ISTC» կենտրոն, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, «Picsart» ընկերության գրասենյակ:

Նշենք, որ ավելի քան 60 տարի առաջ հիմնադրված «SK Group» հոլդինգը կազմված է 186 դուստր ձեռնարկություններից և մասնաճյուղերից, որոնք գործում են էներգետիկայի, հեռահաղորդակցության և կիսահաղորդչային արդյունաբերության ոլորտներում:

  • Կիսվել: