կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Հանրապետությունում գործող գյուղատնտեսական կոոպերատիվների թիվը հասնում է գրեթե 500-ի

Հանրապետությունում գործող գյուղատնտեսական կոոպերատիվների թիվը հասնում է գրեթե 500-ի

Հայաստանի Հանրապետությունում գործում է գյուղատնտեսական տարբեր ուղղվածություն ունեցող 497 գյուղատնտեսական և գյուղատնտեսությունում գործունեություն իրականացնող սպառողական կոոպերատիվ։  

«Արմենպրես»-ի թղթակցի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից՝ անդրադառնալով գյուղատնտեսական գործող կոոպերատիվների և նորերի ստեղծման մասին հարցին։ 

Գերատեսչության  տեղեկատվությամբ՝  ոլորտում գործող կոոպերատիվներից 153-ը (31%)՝ գյուղատնտեսական, 344-ը (69%)՝ սպառողական համապատասխան գործունեության հիմնական ուղղություններն են՝ բուսաբուծություն, անասնաբուծություն, խառը գյուղատնտեսություն, պտղաբուծություն, բանջարաբուծություն, հացահատիկային մշակաբույսերի աճեցում, կաթի մթերում ու հավաքագրում, մեղվաբուծություն, գյուղատնտեսական տեխնիկայի միջոցով ծառայությունների մատուցում, արոտավայրերի կառավարում։

Անդրադառնալով անցած տարի, մասնավորապես, սահմանամերձ Ճակատենի և Սրաշենի բնակիչների հետ հանդիպման ընթացքում  ՀՀ վարչապետի կողմից գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման և կառավարությունից աջակցության վերաբերյալ հնչեցրած գաղափարի իրագործմանը՝ նախարարությունից հայտնեցին, որ  նախարարի հանձնարարությամբ գերատեսչության  մի խումբ մասնագետներ անցած տարվա հունիսի 26-27-ն այցելել են Սյունիքի մարզ՝ Ճակատեն, Շիկահող, Սրաշեն բնակավայրեր։ 

Բոլոր 3 բնակավայրերում տնտեսավարողները համատեղ աշխատելու և կոոպերատիվներ ստեղծելու ցանկություն չեն արտահայտել: 

«Դիտարկվել է անհատական աջակցության տրամադրման եղանակը, ինչը հնարավոր է նախադրյալներ ապահովի՝ հետագայում տնտեսությունների միավորման և կոոպերատիվների ձևավորման համար՝ Էկոնոմիկայի նախարարության առաջարկությամբ։ Սյունիքի մարզպետի աշխատակազմը ներկայացրել է տնտեսավարողների աջակցության վերաբերյալ դիմումները, այնուհետև նախարարությունն ամփոփել է դիմումների արդյունքները և դիմել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրին (UNDP) աջակցության նպատակով։ Արդյունքում, աջակցություն է տրամադրվել տնտեսավարողներին՝ չրագործությամբ և մեղվաբուծությամբ զբաղվելու համար, ինչպես նաև առաջարկվել են ջերմատներ այն տնտեսավարողներին, որոնք ցանկություն են հայտնել զբաղվել ջերմատնային տնտեսությամբ»,-մանրամասնեցին Էկոնոմիկայի նախարարությունից՝ հավելելով, որ այդ շրջանակներում կազմակերպվել են նաև դասընթացներ չրագործության և մեղվաբուծության թեմաներով, դասընթացների ավարտին անցկացված քննությունը հաղթահարած ֆերմերներին այս տարվա գարնանը կտրամադրվեն մեղվափեթակներ և չրագործության համար տակդիր-ցանցեր: 

 

  • Կիսվել: