շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում արդեն բաշխվել է 3,67 մլրդ դրամ, ինչը նախատեսածի 10 տոկոսից էլ պակաս է. Փաշինյան

Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում արդեն բաշխվել է 3,67 մլրդ դրամ, ինչը նախատեսածի 10 տոկոսից էլ պակաս է. Փաշինյան

Կառավարության ընդունած հակաճգնաժամային 9 միջոցառումները հերթով սկսում են գործել։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով,  այս պահի դրությամբ հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում արդեն իսկ բաշխվել է 3 մլրդ 670 մլն դրամ:

«Ուզում եմ ասել, որ այս թիվը մեր նախատեսածի 10 տոկոսից էլ պակաս է։ Այն հընթացս կլրացվի: Կառավարությունն արդեն հրապարակել է էլեկտրոնային այն պատուհանը, որով քաղաքացիները կարող են ստուգել՝ արդյոք իրենք տվյալ սոցիալական ծրագրերի շահառու են, թե ոչ: Այս օրերին բազմաթիվ շահառուներ իրենց անունները չեն գտել, բայց ես ուզում եմ ասել, որ ամենօրյա ռեժիմով մենք թարմացնում ենք տվյալները: Իհարկե, բազան ամենաուշը հաջորդ շաբաթվա սկզբին կամբողջանա և աջակցության բոլոր փաթեթները հասանելի կլինեն բոլոր շահառուներին»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նաև հայտնեց որ այսօրվա դրությամբ ՀՀ բանկերը շուրջ 290 հազար քաղաքացիների տվել են վարկային արձակուրդ՝ 9,3 մլրդ դրամի չափով: Վարկային արձակուրդ է տրվել նաև 5300 իրավաբանական անձանց՝ 15,4 մլրդ դրամի չափով:

«Բոլոր հիմքերը կան ասելու, որ այս պրոցեսը կշարունակվի: Ուզում եմ նաև ընդգծել, որ այս որոշումները կայացվել են կառավարության կողմից առանց վարչական ներգործության: Սա կարևոր է, որովհետև ճգնաժամի սկզբին մեր շատ գործընկերներ մեզ փորձում էին դրդել, որ մենք վարչական որոշում կայացնենք, որոնք կպարտադրվեն բանկերին: Մենք որոշեցինք գնալ այլ ճանապարհով, և այն, որ բանկային համակարգը մեր քաղաքական հորդորներին արձագանքել է,  դա վկայությունն է այն բանի, որ զգայուն համարվող համակարգերից մեկը վստահություն է տածում կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային քաղաքականության նկատմամբ»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշեց նաև, որ այս ամենի վկայությունը նաև շուկայում տեղի ունեցող գործընթացներ են։

«Մի քանի օրվա լարվածությունից հետո արտարժույթի շուկան և ընդհանրապես բանկային համակարգը գտնվում են շատ հանդարտ վիճակում: Վերջին օրերին բանկային ավանդների աճի որոշակի միտում է նկատվում, ընդ որում, արդեն իսկ կան տեսանելի դեպքեր, երբ քաղաքացիների կողմից դոլարային ավանդները փոխարկվում են դրամայինի, ինչը ամենավառ ապացույցն է այն բանի, որ կառավարության հակաճգնաժամային քաղաքականության նկատմամբ կա վստահություն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև ասաց, որ այսօր բազմաթիվ են առաջարկները, թե ինչ պետք է անի կառավարությունը։ «Անկեղծ ասած, երբեմն այդ առաջարկների հեղեղից  գլխապտույտ կարելի է ստանալ»,-նկատեց վարչապետը և հավելեց.

«Ես ուզում եմ ընդգծել, որ մենք, ըստ էության, բավական երկար ժամանակ ամենօրյա ռեժիմով աշխատում ենք, կառավարությունը հստակ ռազմավարություն ունի, թե ինչպես  է հաղթահարելու ճգնաժամը: Իհարկե, մենք կլսենք բոլորին, բայց մեր քայլերը տեղավորվելու են մեր ռազմավարության մեջ»։

Նա նաև նշեց, որ այս ճգնաժամը երկրի ռազմավարական զարգացման պատկերացումների մեջ, ըստ էության, շատ բան չի փոխել:

  • Կիսվել: