ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀԱԷԿ-ի նախկին տնօրենը՝ ՀԱԷԿ-ի արդիականացման համար ռուսական վարկի մնացած մասից հրաժարվելու վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման մասին

ՀԱԷԿ-ի նախկին տնօրենը՝ ՀԱԷԿ-ի արդիականացման համար ռուսական վարկի մնացած մասից հրաժարվելու վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման մասին

ՀՀ կառավարությունը հունիսի 11-ին որոշեց ՀՀ պետական բյուջեից 63 միլիարդ 200 միլիոն ՀՀ դրամի չափով բյուջետային վարկ տրամադրել «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ին ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման նպատակով` հրաժարվելով ռուսական վարկի մնացած 70 միլիոն դոլարից: Այս մասին հայտնում է Էկոլուրը։

Հիշեցնենք, որ 2015թ. Ռուսաստանը Հայաստանի հետ կնքել էր 270 միլիոն դոլարի վարկի և 30 միլիոն դոլարի դրամաշնորհի տրամադրման համաձայնագիր ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի իրականացման համար:

Հայաստանի միջուկային էներգետիկայի վետերանների միության նախագահ, ՀԱԷԿ նախկին գլխավոր տնօրեն Սուրեն Ազատյանը ԷկոԼուրի հետ զրույցում ՀՀ կառավարության ընդունած այս որոշման մասին ասաց. «Կառավարության որոշումը երկու առավելություն ունի։ Առաջին հերթին 2-3 անգամ մատչելի կլինեն աշխատանքները, մյուս կողմից՝ կներգրավվեն մեր հայկական կազմակերպությունները։ Այն աշխատանքները, որոնք մեր տեղական կազմակերպությունները չեն կարող կատարել, կիրականացնի ռուսական կողմը։ Դրա փոխարեն կան աշխատանքներ, որն ի վիճակի է հայկական կողմը կատարել։ Որքան հնարավոր է, մեր հույսը պետք է դնենք տեղական կազմակերպությունների վրա»: Նա նշեց, որ կայացված որոշումը քաղաքական չէ: «Կառավարության այս որոշումը շատ խելացի և ճիշտ որոշում է։ Կոպեկ առ կոպեկ հաշված է․ նպատակային պետք է օգտագործել գումարները։ Այսօր հովացուցիչներից երեքն են աշխատում, այստեղ է խնդիրը։ Մենք տնտեսական կորուստներ ենք կրում։ Մեզ մոտ 3 ամսվա գործն այսօր 3 տարվա է բաժանվել, այն էլ կրկին չհասցրեցին ամբողջ ծավալով կատարել։ Եթե մենք գումար ունենայինք, կարող էինք շատ հանգիստ անել։

Ատոմակայանում կա 600 հազար տեսակի տարբեր սարքավորում։ Այս երկարաձգման համար անհրաժեշտ է գնահատել այդ ամենը, ինչ սարքավորումներ կան, որոնք է հնարավոր փոխարինել, մոդեռնիզացնել։ Ինչ վերաբերում է անմիջապես ռեակտորին, որպեսզի շահագործման երկարացումից հետո այն անվտանգ շահագործենք, հստակ պետք է ստուգում անցկացվի ռեակտորի որոշակի մետաղների մասով: Երբ մենք որոշեցինք վերաթողարկել ատոմակայանը, նույն բանն արվեց»,- ասաց Սուրեն Ազատյանը:

Ըստ նրա՝ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացման համար ծախսվել է 200 միլիոն դոլար, ՀԱԷԿ-ի անվտանգության բարձրացմանն ուղղված մնացած աշխատանքների համար նախատեսված 70 միլիոն դոլարի փոխարեն ծախսվելու է 95 միլիոն դոլար: «23 միլիոն դոլարով ավելի գումար է ծախսվելու ՀԱԷԿ-ի անվտանգության համակարգերի համար, որպեսզի ոչ մի կիսատ գործ չմնա:

Կորոնավիրուսը ցույց տվեց, որ պետք է կոնսոլիդացնել բոլոր ուժերը, կատարել այն, ինչը կարող ենք։ Պետք չէ մոռանալ, որ ՀԱԷԿ-ը ՀՀ սեփականությունն է։ Դա նշանակում է, որ ցանկացած վթարային վիճակի դեպքում Հայաստանը պետք է բոլոր ծախսերը նախատեսի»,- ասաց Սուրեն Ազատյանը:

ԷկոԼուրի հարցադրմանը, թե արդյոք նպատակահարմար չի լինի, որ պետական վարկի մի մասն ուղղվի ՀԱԷԿ-ի ազդեցության գոտում գտնվող համայնքներում ապաստարանների կառուցմանն ու անհրաժեշտ իրերի ձեռքբերմանը, Սուրեն Ազատյանը պատասխանեց.

«Ինչ վերաբերում է ատոմակայանի հարակից բնակավայրերի անվտանգությանը, ապա այստեղ առկա է 30 կիլոմետրանոց գոտի։ Այդ բնակավայրերի անվտանգությունն ապահովվում է կայանի անվտանգությամբ։ Ազդակիր համայնքները համալրված են ճառագայթային վիճակի գնահատման և վերահսկման միջոցներով, ազդարարման համակարգերով՝ ժամանակին որոշում կայացնելու, վարչական-կազմակերպչական միջոցառումներ իրականանելու համար»: Անդրադառնալով հատկապես Մեծամոր քաղաքին՝ նա նշեց, որ ժամանակին Երևանից Մեծամոր էին՝ գնում մթերքներ գնելու համար։ Մեծամորում պոլիկլինիկա կար, քոլեջ էին ստեղծել, որոնք հիմա փակվել են։ «Մեծամորի 10 տոկսն է այսօր աշխատում կայանում։ Պետք է, որ ատոմակայանին առաջին հերթին Մեծամորի բնակչությունը սպասարկի։ Այսօր սպասարկող անձնակազմ չունենք։ Օրական քանի անգամ աշխատողներին տանում-բերում ենք Երևան։ Սա ծախս է, չէ՞, նաև անվտանգության վրա է անդրադառնում»,- ասաց Սուրեն Ազատյանը՝ կարևորելով Մեծամոր քաղաքի նպատակային զարգացումը:

  • Կիսվել: