երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Գործարար համաժողով՝ հայաստանյան և եգիպտական ռազմարդյունաբերական ընկերությունների մասնակցությամբ

Գործարար համաժողով՝ հայաստանյան և եգիպտական ռազմարդյունաբերական ընկերությունների մասնակցությամբ

Մայիսի 15-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի պատվիրակության և Արաբական արդյունաբերական կազմակերպության (ԱԱԿ) միջև անցկացվել է գործարար համաժողով։ Այս մասին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից:

Համաժողովի ընթացքում հայաստանյան և եգիպտական ռազմարդյունաբերական ընկերությունների միջև տեղի են ունեցել երկկողմ հանդիպումներ՝ քննարկելու համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Հայկական և եգիպտական ռազմարդյունաբերական ընկերությունների միջև գործարար համաժողովին մասնակցելու նպատակով Կահիրե են ժամանել մոտ մեկ տասնյակ հայաստանյան ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ։

Մայիսի 16-ին տեղի է ունեցել նաև ՀՀ ԲՏԱՆ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանի հանդիպումն Արաբական արդյունաբերական կազմակերպության նախագահ Մոխթար Աբդելլատիֆի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Եգիպտոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանը։

Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանը հանդիպել է նաև Եգիպտոսի Արաբական Հանրապետության ռազմական արտադրության պետնախարար Մոհամեդ Սալահ էդ-Դին Մուստաֆային։ Կարևորվել են հայ-եգիպտական բարեկամական և բարձր մակարդակի հարաբերությունները, ինչպես նաև քննարկվել են ռազմարդյունաբերության ոլորտում փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարները:

  • Կիսվել: