երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գործադիրն առաջարկում է կարգավորում` ուղղված սպառողների իրավունքների պաշտպանությանը

Գործադիրն առաջարկում է կարգավորում` ուղղված սպառողների իրավունքների պաշտպանությանը

Քաղաքացիական օրենսգրքում, «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ու «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքներում առաջարկվող փոփոխություններով եւ լրացումներով վերանայվում են էլեկտրոնային եղանակով կնքվող պայմանագրերին եւ էլեկտրոնային առեւտրին վերաբերող կարգավորումները: Նախատեսվող կարգավորումներով քաղաքացին առավել պաշտպանված կլինի պայմանագրային հարաբերություններում. պայմանագրի կողմին, սպառողին առավել տեսանելի կլինի, թե ինչ հարաբերությունների մեջ է մտնում պայմանագիր կնքելիս: ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի խոսքով սա նաեւ զսպող մեխանիզմ կլինի ոչ բարեխիղճ տնտեսվարողներից քաղաքացիներին պաշտպանելու համար:

Նշվել է, որ գործող կարգավորումները հնացած են, սահմանափակ են մեկնաբանվում եւ կիրառության առումով հստակ չեն: Օրինակ՝ հստակ կարգավորված չեն ինտերնետային կայքերով, տարատեսակ էլեկտրոնային հավելվածների ու հարթակների միջոցով կնքվող պայմանագրերի դեպքերը: Ներկայումս լիարժեք կարգավորված չեն նաեւ այն հարցերը, երբ պայմանագիր կնքելիս կարեւոր նշանակության պայմանները ներկայացվում են առանձին փաստաթղթով կամ առանձին հղումով: Դրանք դրված են լինում ոչ տեսանելի որեւէ հարթակում, ինչի հետեւանքով պայմանագրի մի կողմը չի տեսնում այդ թաքնված պայմաններն ու տեղեկացված չի լինում դրանց մասին: Այս փաթեթով լուծվում են ինչպես վերոնշյալ, այնպես էլ էլեկտրոնային պայմանագրերի կնքման ոլորտի մի շարք այլ խնդիրներ:
Նախարարը նշել է, որ ԱԺ համապատասխան ստորաբաժանման ներկայացրած խմբագրական առաջարկներն ընդունվել են հեղինակի կողմից, եւ նախաձեռնությունը լրամշակվել է:

Առաջարկվող կարգավորումներն առաջին ընթերցմամբ քննարկվել են ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 21-ի նիստում:

Հարակից զեկույցում հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը նշել է, որ առաջարկը վերաբերում է պայմանագրի ընդհանուր պայմանների կիրառելիության արդյունավետությանը: Եթե նախկին կարգավորումներով պայմանագրի անբաժանելի մաս կազմող օրինակելի պայմաններին հղում կատարելը բավարար էր այդ պայմանների պարտադիրության եւ կիրառման համար, ապա առաջարկվող դրույթներով դրանք կլինեն պայմանագրի անբաժանելի մաս եւ կիրառման ենթակա, եթե պայմանագիրը կնքելիս ապահովվում է կնքող անձի կողմից դրա ընդհանուր պայմաններին մատչելի եղանակով եւ ամբողջությամբ ծանոթանալու ու դրանց կապակցությամբ համաձայնություն տալու հնարավորությունը: Էլեկտրոնային եղանակով կնքվող պայմանագրերի դեպքում այդ համաձայնությունը պետք է արտահայտվի դրան ուղղված հստակ գործողություն իրականացնելով:

Ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը տեխնոլոգիական զարգացման ներկա ժամանակաշրջանում սպառողների իրավունքների պաշտպանության եւ արդար առեւտրի կանոնների համատեքստում կարեւորել է ավելի ճկուն օրենսդրության սահմանումը, սակայն, նրա գնահատմամբ, այս փոփոխությունների արդյունքում չեն կարգավորվելու հատկապես հանրային ծառայությունների ու վարկավորման ոլորտներում սպառողների իրավունքների խախտման դեպքերը:

Անդրադարձ է եղել առաջինից երկրորդ ընթերցում օրենսդրական կարգավորումներն աշխատանքային կարգով մանրամասն քննարկելու եւ լավարկելու անհրաժեշտությանը:

Օրենսդրական փաթեթի վերաբերյալ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն: 

  • Կիսվել: