ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Նոր Խոտանան գյուղը շրջանցող ճանապարհի շնորհիվ եղած 16 ոլորանի փոխարեն կունենանք 6 ոլորան. Սանոսյան

Նոր Խոտանան գյուղը շրջանցող ճանապարհի շնորհիվ եղած 16 ոլորանի փոխարեն կունենանք 6 ոլորան. Սանոսյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ընթացքում նկատեց, որ մեկնարկում է լիարժեք շինարարության սեզոնը, և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանից հետաքրքրվեց, թե ծրագրված 500 կմ ճանապարհների հիմնանորոգումը կամ նորոգումը ինչպես է իրականացվում:

«Դեռ 2021 թվականից, որ նախապատրաստվել ենք 2022-ի համար, ընդգրկել ենք շուրջ 568 կմ ճանապարհ, որոնց համար սկսվել են տարբեր նախապատրաստական աշխատանքներ: Այդ 568 կմ-ն իր մեջ ներառում է 87 ճանապարհ. 87 վայրում պետք է իրականացնենք շինարարություն, և դրանք տարբեր փուլում են: Դրանցից մոտ 366 կմ-ի դեպքում արդեն բավական առաջ գնացել ենք, հաղթող ընկերություններ կան, պայմանագրեր ենք կնքել, մյուսներն ընթացքի մեջ են: Եթե թվերով նայենք՝ այս ոլորտում նախարարությանը բյուջեից հատկացվել է 47.1 մլրդ դրամ, մինչ այս պահը մենք մոտ 22 միլիարդն արդեն վերցրել ենք և սկսել ենք ըստ ծրագրերի բաշխել, 3.1 միլիարդն էլ այսօր ենք վերցնում, բաշխում: Կստացվի արդեն 47-ից 25 միլիարդը հատկացվել է Կառավարությանը, որպեսզի համապատասխան աշխատանքներ իրականացվեն»,- ասաց Գնել Սանոսյանը: 

Նա նշեց, որ մրցույթ է կայացել, և առաջիկայում կսկսվի Իջևանից Բերդ գնացող Իծաքար-Գանձաքար ճանապարհի 35 կմ հատվածի շինարարությունը:

«Բավական ակտիվ մրցակցություն եղավ, արդեն շահող ընկերություն կա, և մոտ ժամանակներս գումարը կհատկացնենք, ընկերությունը նախատեսում է 20 օրում աշխատանքները սկսել»,- նշեց նախարարը:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ նաև Սյունիքի մարզում լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքներ են իրականացվում:

«Տաթև-Լծեն ճանապարհահատվածը, որը Սիսիանի մոտակայքում պետք է միանա Մ2 ճանապարհին, և Վերին Խոտանան գյուղը շրջանցող ճանապարհահատվածը մենք պլանավորում ենք այս տարի ավարտել, ինչի արդյունքում Կապանից Երևան կունենանք նոր ճանապարհ: Մեկն ունենք, նորը կունենանք, որը Տաթևի ոլորանները կկրճատի, և՛ ժամանակի, և՛ կիլոմետրերի առումով Սյունիքի մարզկենտրոնի կապը մայրաքաղաքի հետ ավելի կարճ կլինի»,- ասաց Փաշինյանը:

«Ե՛վ այդ ճանապարհները, և՛ Սյունիքի ճանապարհների շինարարական աշխատանքներն ամբողջ ձմեռ իրականացվել են: Մոտ 10 օր է՝ առատ ձյան պատճառով աշխատանքները դադարեցվել են, բայց առաջիկա օրերին կշարունակվեն: Ինչ վերաբերում է Տաթև-Լծենին, ապա մոտ 20 կմ-ից 15.2 կմ-ի ամբողջ հողային պաստառը պատրաստ է»,- նշեց Գնել Սանոսյանը:

Ինչ վերաբերում է Վերին Խոտանանին, ապա, նախարարի խոսքով՝ 11 կմ շրջանցիկ ճանապարհ է կառուցվում: Այսօր գործող հատվածում կա 16 ոլորան, որի փոխարեն կլինի 6 ոլորան:

  • Կիսվել: