ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
GIZ-ը և KFW բանկը Հայաստանում տեղական գրասենյակներ կբացեն

GIZ-ը և KFW բանկը Հայաստանում տեղական գրասենյակներ կբացեն

Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ)-ը և KFW բանկը տեղական գրասնեյակներ կհիմնեն Հայաստանում։ Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության նիստի օրակարգում։

«Համաձայնագրով նախատեսվում է, որ GIZ-ի գրասենյակը կաջակցի Գերմանիայի Դաշնային Հանրապետության անունից տեխնիկական համագործակցության շրջանակում նախատեսված ծրագրերի կատարմանն ու կառավարմանը և կներկայացնի GIZ-ը Հայաստանում: Գրասենյակը կարող է կատարել նաև նախատեսված ծրագրերից դուրս մասնագիտական և վարչարարական այլ գործառույթներ, ինչպես նաև երկրին առնչվող և տարածաշրջանային բնույթի հանձնարարություններ։ Համաձայնագրով նախատեսվում է, որ KFW գրասենյակը գործընկեր պետությանը և կատարող գործընկեր կազմակերպություններին կօգնի նախապատրաստել և իրականացնել ֆինանսական համագործակցության շրջանակում Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից խրախուսվող ծրագրերը և կներկայացնի KFW-ն Հայաստանում: Բանկի գրասենյակը կարող է կատարել նաև նախատեսված ծրագրերից դուրս մասնագիտական և վարչարարական այլ գործառույթներ, ինչպես նաև երկրին առնչվող և տարածաշրջանային բնույթի հանձնարարականներ, որոնք կապված են այդ ծրագրերի հետ»,- նշված է կառավարության հիմնավորումներում։

Գրասենյակի հիմնման ու պահպանման ծախսերն, ինչպես նաև անձնակազմի ներգրավման ծախսերն իրականացնելու է գերմանական կողմը։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավորվում է երաշխավորել, որ պետական մարմիններն ապահովեն գրասենյակների անվտանգությունն ու պաշտպանությունը, ազատեն գրասենյակների համար ներմուծված պարագաները, այդ թվում՝ սարքերն ու ավտոմեքենաները ներմուծման ու արտահանման բոլոր տեսակի տուրքերից, ինչպես նաև ազատեն գրասենյակները բոլոր տեսակի ուղղակի հարկերից ու շրջանառության հարկից։

  • Կիսվել: