հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Գերմանիան 12 մլն եվրո վարկ է տրամադրում Հայաստանին

Գերմանիան 12 մլն եվրո վարկ է տրամադրում Հայաստանին

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 9-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և Գերմանիայի կառավարությունների միջև 2022 թվականի ֆինանսական համագործակցության մասին համաձայնագրի վավերացմանը, որը ստորագրվել է 2023թ. օգոստոսի 16-ին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Համաձայնագրով նախատեսվում է մինչև 12 մլն եվրոյի ֆինանսական օժանդակություն (վարկ) տրամադրել «Վերականգնվող էներգիայի ընդլայնում և էներգախնայողություն․ փուլ III» ծրագրի իրականացման համար, նաև անհրաժեշտության դեպքում տրամադրել այնպիսի լրացուցիչ դրամաշնորհներ, որոնք պետք է ուղղվեն Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված ծրագրերի նախապատրաստմանը կամ անհրաժեշտ հարակից միջոցառումներին։

Համաձայնագրում նշված գումարի օգտագործումը և այն պայմանները, որոնցով այդ գումարը տրամադրվում է,սահմանվում են Վերականգնման վարկերի բանկի (ՎՎԲ-KfW) և վարկեր ընդունողների միջև կնքվող պայմանագրերով, որոնք ենթարկվում են ԳԴՀ օրենսդրությանը։

Եթե նշված պայմանագրերը չեն կնքվում հատկացման հաջորդող հինգ տարիների ընթացքում, ապա նշված գումարի հատկացումն անփոխարինաբար չեղարկվում է։ Այդ գումարի համար սահմանված ժամկետն ավարտվում է 2027թ․ հոկտեմբերի 13-ին։

Հայաստանի կառավարությունը Վերականգնման վարկերի բանկին ազատում է ուղղակի հարկերից, որոնք ՀՀ-ում ենթակա են վճարման՝ կապված նախագծի 1-ին հոդվածում և 2-րդ հոդվածում նշված պայմանագրերի կնքման և իրականացման հետ։

Համաձայնագիրը հանդիսանում է շրջանակային, որի ներքո հետագայում նախատեսվում է առանձին ֆինանսավորման կամ վարկային համաձայնագրերի ստորագրում՝ ըստ վերոնշյալ ծրագրերի:

  • Կիսվել: