հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Գեղարքունիքի մարզում ինչ ձեռքբերումներ են գրանցվել գյուղատնտեսության ոլորտում

Գեղարքունիքի մարզում ինչ ձեռքբերումներ են գրանցվել գյուղատնտեսության ոլորտում

2022 թվականին ցանքային տարածությունը Գեղարքունիքի մարզի համայնքներում կազմել է ընդամենը 37 հազար 742 հեկտար՝ նախորդ տարվա 40 հազար 559 հեկտարի դիմաց: Այս մասին Գեղարքունիքի մարզխորհրդի տարեվերջյան նիստում «2022 թվականի գյուղատնտեսական աշխատանքների մասին» հարցի շուրջ զեկուցել է մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը։

ՀՀ Կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող «Գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության ծրագրերի» շրջանակներում 67 շահառու դիմել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն՝ ծրագրից օգտվելու նպատակով։

«ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի» շրջանակներում մարզում հաստատվել է 27 լիզինգի հայտ՝ 164.4 միլիոն ՀՀ դրամ արժեքով, որի արդյունքում ձեռք է բերվել 37 միավոր տեխնիկա: Ավարտվել եւ շահագործման է հանձնվել 3 խելացի անասնաշենք, որոնց դիմաց տրվել է 53,5 միլիոն դրամի փոխհատուցում։ Ինտենսիվ այգիներ եւ ջերմատնային տնտեսություններ են ստեղծվել Գավառ քաղաքում, Վարդենիս համայնքի Արեգունի գյուղում, Ճամբարակ համայնքի Մարտունի գյուղում, Մարտունի համայնքի Վարդենիկ գյուղում, Սեւան համայնքի Դդմաշեն եւ Գեղամավան գյուղերում։ Նույն Գեղամավանում եւս 5 հեկտարի վրա հիմնվել է ջերմոց։ Նախորդ տարվա համեմատությամբ «Գեղարքունիք» ՋՕԸ կողմից սպասարկվող ոռոգելի հողատարածությունները ավելացել են 33 հեկտարով: 2022 թվականին մարզի համայնքներում կուտակվել է 125000 տոննա խոտ եւ 6400 տոննա ծղոտ, որը բավարար է՝ անասնագլխաքանակի ձմեռացումն անկորուստ կազմակերպելու համար: Կատարվել է 11 հազար 835 հեկտար աշնանացան՝ նախորդ տարվա համեմատ ցանքերն ավելացել են 2228 հեկտարով: Դեկտեմբերի 28-ի դրությամբ համարակալվել է շուրջ 40000 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, աշխատանքներն ընթացքի մեջ են:

  • Կիսվել: