հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Գագիկ Խաչատրյանի քրգործը քննվում է ԱՄՆ-ի կողմից նախաձեռնված՝ «Գողապետության ակտիվների վերականգնման նախաձեռնության» շրջանակում. Ղազարյան

Գագիկ Խաչատրյանի քրգործը քննվում է ԱՄՆ-ի կողմից նախաձեռնված՝ «Գողապետության ակտիվների վերականգնման նախաձեռնության» շրջանակում. Ղազարյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը խորհրդարանում անդրադարձավ ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից սկսված գործընթացին, որը վերաբերում է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին:

Հիշեցնենք, որ  ԱՄՆ դաշնային կառավարությունը ցանկանում է առգրավել Լոս Անջելեսի հեղինակավոր Հոլմի Հիլզ թաղամասում գտնվող մեգաառանձնատունը, որը, պնդման համաձայն, գնվել է միլիոնավոր դոլար կաշառքներով։  Դրանք վճարվել են Գագիկ Խաչատրյանին և իր որդիներին:

«Ըստ տարածված տեղեկության՝ առանձնատունը ձեռք է բերվել կոռուպցիոն սխեմայից ձևավորված եկամուտներով: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա պնդում եմ, որ թալանը վերադարձնելու համար ամենևին մեր ընդդիմադիր գործիչները հարկ չէ, որ իշխանություն դառնան, այլ ընդամենը կարող են ցանկացած իրավապահ համակարգի ներկայացուցչի մոտենալ և ներկայացնել, թե ինչպես են կառուցել իրենց առանձնատները, որոնք գտնվում են մեր աչքերի առաջ:

Իսկ այս քրեական գործի շրջանակներում, որը հարուցվել է 2020 թվականին ՀՀ-ում, ըստ հաղորդագրության, նախկին պատգամավոր-գործարարը 20 միլիոն դոլար կաշառք է տվել պարոն Խաչատրյանին և իր որդիներին: Այդ գումարը փաստորեն ուղղվել է արտերկիր, մասնավորապես, Լոս Անջելես տուն կառուցելու նպատակով:

Ուզում եմ հիշեցնել, որ այս գործը քննվում է ԱՄՆ-ի կողմից նախաձեռնված՝ «Գողապետության ակտիվների վերականգնման նախաձեռնության» շրջանակում, որտեղ ԱՄՆ-ը աջակցում է կառավարություններին պայքարել կոռուպցիայի դեմ»,-ասաց Ղազարյանը:

  • Կիսվել: