երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Ֆինանսների նախարարը մասնակցել է Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի տարեկան ընդհանուր ժողովին

Ֆինանսների նախարարը մասնակցել է Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի տարեկան ընդհանուր ժողովին

Մայիսի 25-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մասնակցել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հավատարմագրված մասնագիտացված կառույցի՝ Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի տարեկան ընդհանուր ժողովին:

Նախարարը ողջունել է ժողովի մասնակից աուդիտորներին, փորձագետ հաշվապահներին, աուդիտորական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ շեշտելով պետության կողմից պալատին պատվիրակված գործառույթների արդյունավետ իրականացման կարևորությունը:

Նախարարը նաև ընդգծել է, որ հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտների զարգացման վերաբերյալ մասնագիտական հանրության պատկերացումները և նշված ոլորտներում պետության կողմից իրականացվող քաղաքականությունն, ըստ էության, համընկնում են, ինչը ողջունելի է և վկայում է պետության ու տվյալ համայնքի ներկայացուցիչների արդյունավետ համագործակցության մասին:

Պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը ներկայացրել է պալատի՝ 2023 թվականի գործունեության արդյունքների մասին հաշվետվությունը, որը հաստատվել է պալատի անդամների կողմից:

Պալատի տարեկան ժողովին մասնակցել են նաև ՀՀ ֆինանսների նախարարությանը կից հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության Հանրային վերահսկողության խորհրդի անդամները՝ Խորհրդի նախագահ, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի գլխավորությամբ:

  • Կիսվել: