կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Եվրոպական ներդրումային բանկի վարկի ժամկետը երկարաձգվեց մինչև 2025-ի դեկտեմբերի 23-ը. փոխվեց նաև տոկոսադրույքը

Եվրոպական ներդրումային բանկի վարկի ժամկետը երկարաձգվեց մինչև 2025-ի դեկտեմբերի 23-ը. փոխվեց նաև տոկոսադրույքը

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 9-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2014 թվականի հունիսի 27-ին ստորագրված և փոփոխված «Երևանի ջրամատակարարման բարելավում» ֆինանսական պայմանագրի՝ «ԼԻԲՈՐ»-ին առնչվող փոփոխության ստորագրման առաջարկությանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս ֆինանսական պայմանագիրը (7 մլն ԱՄՆ դոլար) ուղղված է Երևան քաղաքի տարբեր համայնքներում գտնվող անհատական տներով կառուցապատված տարածքների գոյություն ունեցող ջրամատակարարման բաշխիչ ցանցերի վերակառուցմանը, առանձնատներով բնակեցված թաղամասերի բաշխիչ ցանցի փոխարինմանը/ վերակառուցմանը և ջրաչափերի դուրսբերմանը առանձնատներից կամ բնակիչների սեփականությունը հանդիսացող տարածքներից դեպի բաշխիչ ցանցի սահմանազատման կետ, բազմաբնակարան շենքերի հատվածներում քայքայված և անմխիթար վիճակում գտնվող բակային պոմպակայանների վերակառուցմանն ու արդիականացմանը:

Ծրագրի շրջանակներում նախատեսված աշխատանքների ամբողջ ծավալով իրականացման նպատակով հայկական կողմը նախաձեռնել է վարկային միջոցների վերջնական հասանելիության ժամկետի երկարաձգում մինչև 2025թ. դեկտեմբերի 23-ը:

Վերջնաժամկետի երկարաձգման գործընթացի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ֆինանսական պայմանագրի մեկ այլ փոփոխություն ևս, որով «LIBOR» տոկոսադրույքից անցում կկատարվի շուկայական այլ՝ «SOFR» (Secured Overnight Financing Rate) տոկոսադրույքի: Վերջինս հաշվարկվում է Նյու Յորքի դաշնային պահուստային բանկի կողմից:

Նոր տոկոսադրույքի անցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ առաջատար բանկերի կողմից նախատեսվում է «LIBOR» տոկոսադրույքի գնանշման դադարեցում՝ այդ տոկոսադրույքի գնանշման գործընթացում բացահայտված խարդախության դեպքերի առկայության պատճառով:

«LIBOR» տոկոսադրույքը հանդիսանում է ուղղորդիչ տոկոսադրույք գլոբալ ֆինանսական շուկայում և նմանատիպ փոփոխություններ իրականացվել են նաև վարկատու այլ ֆինանսական կառույցների (այդ թվում` Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի) կողմից:

Հայաստանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2014թ. հունիսի 27-ին ստորագրված և փոփոխված «Երևանի ջրամատակարարման բարելավում» ֆինանսական պայմանագրի՝ «ԼԻԲՈՐ»-ին առնչվող փոփոխությունը Հայաստանի  համար լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ չի նախատեսում:

  • Կիսվել: