ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԵՏՄ-ի և Սինգապուրի միջև տնտեսական գործակցության մասին համաձայնագիրը դրական եզրակացություն ստացավ

ԵՏՄ-ի և Սինգապուրի միջև տնտեսական գործակցության մասին համաձայնագիրը դրական եզրակացություն ստացավ

ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի  այսօրվա նիստում ընդգրկված էր միայն մեկ հարց՝ «Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սինգապուրի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև համապարփակ տնտեսական համագործակցության մասին» շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» որոշումը:

Հարցը զեկուցող Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնեց, որ համաձայնագրով կողմերը փոխհամագործակցության բազմակողմ զարգացման պարտավորություն են ստանձնում, որի նպատակն է ապրանքների, ծառայությունների առևտրի խթանումը, կոոպերացիաների ընդլայնումը,  ինչպես նաև կապիտալ ներդրումների, ընկերությունների հմնադրման և գործունեության պաշտպանության ժամանակակից ստանդարտների ապահովումը:

Ըստ նախարարի՝ համաձայնագրով ամրագրվում է ապրանքների ազատ առևտրի, ներդրումների և ծառայությունների մասով համաձայանգրի կնքման մտադրությունը:

Նա հայտնեց, որ հայկական կողմը Սինգապուրի հետ 7 բանակցային հանդիպում է ունեցել, որոնց նպատակն է եղել նաև քննարկել երկրների միջև շրջանակային համաձայնագրի կնքման հարցերը և դրանց  համաձայնեցումը:

«Համաձայնագրի նպատակն է ստեղծել բարենպաստ միջավայր և պայմաններ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում կողմերի միջև փոխադարձ առևտրային կապերի զարգացման և տնտեսական համագործակցության խրախուսման համար, ինչպես նաև վերացնել նրանց միջև արգելքներն առևտրում և ներդրումների ոլորտում, նվազեցնել բիզնեսի ծախսերը և բարձրացնել տնտեսական արդյունավետությունը»,-հիմնավորումն ընթերցեց Քերոբյանը:

Զեկուցողին հարցեր չեղան և նիստին մասնակից ՔՊ 3 պատգամավորը կողմ քվեարկեց նախագծին:

  • Կիսվել: