կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Եթե որոշվում է, որ դրանք պետք է միանան, առանձնանան, դա նորմալ է.Ավանեսյանը՝ երկու ԲԿ-ների միավորման մասին

Եթե որոշվում է, որ դրանք պետք է միանան, առանձնանան, դա նորմալ է.Ավանեսյանը՝ երկու ԲԿ-ների միավորման մասին

Այրվածքաբանության և մաշկաբանության կենտրոնները գտնվում են նույն տարածքում, ֆունկցիոնալ առումով իրար հետ բավական համահունչ են և մեր նպատակն է առողջապահական կազմակերպությունների կառավարման ծախսատարության նվազեցումը և վարչական ծախսերի օպտիմալացումը։ Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ճիշտ է, որ միմյանց հետ որևէ կապ չունեցող երկու կենտրոնների՝ Այրվածքաբանության և Մաշկաբանության ազգային կենտրոնների միավորումը նախաձեռնել են զուտ մեկ նպատակով՝ մաշկաբանության ազգային կենտրոնի շենքն ու տարածքը վաճառքի հանելու համար։

«Արված փոփոխությունների ազդեցությունը, նաև կենտրոնի զարգացման մասով, արդեն այս տարի ակնհայտ է։ Մեզ համար շատ կարևոր է այդ ճյուղերի զարգացումը և այս տարի երկու շենքերում էլ կսկսվեն վերանորոգման բավական լայնածավալ աշխատանքներ։

Մենք այս կենտրոնների հետ կապված կրճատման, չգիտեմ, շենքերի վաճառքի հետ կապված խնդիրներ չունենք, բայց դա էլ, կարծում եմ՝ նորմալ գործընթաց է և պետությունն իր ենթակառուցվածքները պետք է օգտագործի շատ օպտիմալ կերպով։

Ոչ այս կենտրոնների մասով, այլ որպես ընդհանուր սկզբունք, եթե որոշվում է, որ պետք է միանան, առանձնանան, փոփոխվեն, ապա դա նորմալ գործընթաց է և ոչ մի խնդիր այդտեղ չեմ տեսնում։ Կարևորը նպատակը ծառայությունները զարգացնել է և այդ ուղղությամբ մենք անում ենք ներդրումներ։ Ինչպես նշեցի, երկու կենտրոններում էլ այս տարի կսկսենք վերանորոգման աշխատանքները։

Մենք տեսանք, թե ինչ ահռելի աշխատանքներ կատարեց այրվածքաբանության ազգային կենտրոնը և ես, առիթն օգտագործելով, ուզում եմ շնորհակալություն հայտնել բուժաշխատողներին այդ ծառայության համար»։

  • Կիսվել: