ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Երևանի քաղաքապետարանի գնած տեռասային տախտակներից նստարանների փոխարեն տեղադրվել են ավելի էժան նստարաններ (Հետք)

Երևանի քաղաքապետարանի գնած տեռասային տախտակներից նստարանների փոխարեն տեղադրվել են ավելի էժան նստարաններ (Հետք)

Երևանի քաղաքապետարանը 2023թ. դեկտեմբերի 6-ին «ՍԵՄ2017» ՍՊԸ-ի հետ 75 նստարանի ձեռքբերման պայմանագիր է կնքել։ Նստարանները պետք է պատրաստված լինեին տեռասային տախտակներից, որոնք լաքապատման կարիք չունեն։ Յուրաքանչյուր նստարանի համար Երևանի քաղաքապետարանը վճարել է 137 հազար դրամ, այսինքն՝ 75 նստարանի համար՝ 10 մլն 284 000 դրամ։ «Հետք»-ը պարզել է, որ դրանք պատրաստված են սովորական փայտից և վճարված արժեքից մի քանի անգամ էժան են։

 

Նստարաններից 50-ը տեղադրվել է

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Վահան Զատիկյանի անվան այգում։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը Երևանի քաղաքապետարանի՝ հունվարի 15-ի գործակարգավարական նիստում զեկուցեց այս մասին՝ ընդգծելով, որ տեղադրվել են «մետաղական հիմնակմախքով և տեռասային տախտակներից» պատրաստված նստարաններ։

Ըստ պայմանագրում նշված տեխնիկական բնութագրի՝ դրանք պետք է պատրաստված լինեին լաքապատում չպահանջող տեռասային տախտակներից, որոնք ավելի որակյալ և թանկարժեք են, քան սովորական փայտից պատրաստված նստարանները։ Սակայն, «Հետքը» պարզել է, որ դրանց փոխարեն տեղադրվել են փայտե, լաքապատ նստարաններ։ 

Ստացվում է, որ քաղաքապատերանը մի քանի անգամ ավելի է վճարել այս նստարանների համար, և տեռասային տախտակներից պատրաստված նստարանների փոխարեն ստացել սովորական փայտե, լաքապատ նստարաններ:

Մեզ հետ զրուցած կահույքագործների խոսքով (որոնք ցանկացել են անանուն մնալ)՝ այս նստարանները պատրաստված են չամ տեսակի փայտից։ Արժեքը տատանվում է 45 000-50 000 դրամի սահմաններում։ Ըստ կահույքագործների՝ տեռասային տախտակներից պատրաստված մեկ նստարանի միայն նյութերի արժեքը մոտ 70 000 դրամ է, իսկ չամ տեսակի փայտե նստարաններինը՝ 30 000 դրամ, այսինքն՝ տեռասային տախտակների արժեքը կրկնակի ավել է։

Ըստ կնքված պայմանագրի` եթե հանձնվել է անպատշաճ որակի`պայմանագրով նախատեսված տեխնիկական բնութագրին չհամապատասխանող ապրանք, գնորդը կարող է պահանջել հատուցել ապրանքի անպատշաճ որակի պատճառով իր կատարած ծախսերը կամ չընդունել ապրանքը` իր հայեցողությամբ սահմանելով անպատշաճ որակի ապրանքը պայմանագրին համապատասխանող որակի ապրանքով անհատույց փոխարինման ողջամիտ ժամկետ և պահանջել Վաճառողից վճարելու պայմանագրի 6.3 կետով նախատեսված տուգանքը կամ հրաժարվել պայմանագիրը կատարելուց և պահանջել վերադարձնել ապրանքի համար վճարված գումարը:

Ըստ մեկ այլ կետի՝ ապրանքի որակի մասին պայմանագրի պայմանները խախտելու մասին վաճառողին պետք է ծանուցել թերությունը հայտնաբերելուց հետո անմիջապես կամ այն բանից հետո` ողջամիտ ժամկետում, երբ պայմանագրի համապատասխան պայմանի խախտումը պետք է հայտնաբերված լիներ` ելնելով ապրանքի բնույթից և նշանակությունից։

Դեռևս մեկ ամիս չանցած՝ նստարանների լաքը տեղ-տեղ թափվել է, իսկ նստարանները սալիկների վրա ամրացվել են ցեմենտով։

  • Կիսվել: