երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանի վայրի տեղափոխության մասին տեղեկություն չունեմ. Մհեր Գրիգորյան

Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանի վայրի տեղափոխության մասին տեղեկություն չունեմ. Մհեր Գրիգորյան

 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեղեկություն չունի Երասխում կառուցվող հայ-ամերիկյան մետաղաձուլական գործարանի վայրի տեղափոխության մասին։

Պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես կմեկնաբանի Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանի վայրի փոփոխության մասին լուրերը, փոխվարչապետը պատասխանեց․

«Նման տեղեկություն չունեմ և չեմ կարող ավելի մանրամասն տեղեկություն տրամադրել հետագա զարգացումների մասին։ Կարծում եմ, որ բոլոր պատկան մարմինները զբաղվում են այդ հարցով, որպեսզի ներդրողն ունենա Հայաստանի Հանրապետությունում տնտեսական գործունեություն իրականացնելու լիարժեք հարմարավետություն»,- ընդգծեց Գրիգորյանը։

Փոխվարչապետը վստահեցրեց, որ ամեն ինչ կանեն, որպեսզի ներդրողը ունենա լիարժեք կոմֆորտ, և ներդրումը չվտանգվի։

Գործարանի կառուցման աշխատանքները մեկնարկել են մոտ 6 ամիս առաջ, և նախատեսվում է, որ պետք է ավարտվեն մինչև տարեվերջ, սակայն  Ադրբեջանի բնապահպանության նախարարությունը հայտարարել էր, թե այդ նախագիծը հարվածում է տարածաշրջանի բնապահպանական անվտանգությանը և կարող է աղտոտել Արաքսի ջրերը, ինչից մի քանի օր անց սկսվեցին կրակոցները, նույնիսկ երկու շինարար վիրավորվեց, շինտեխնիկա վնասվեց։

Լրատվամիջոցներում պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում, որ Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանն առաջիկայում նախատեսվում է տեղափոխել այլ` ավելի անվտանգ վայր, և ամենահավանական տարբերակն Արարատ քաղաքին հարող հատվածն է։

  • Կիսվել: