հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Էներգետիկ ճյուղը կվերակողմնորոշվի դեպի արեւելք․ ԵԱՏՄ-ի էներգետիկայի նախարարը

Էներգետիկ ճյուղը կվերակողմնորոշվի դեպի արեւելք․ ԵԱՏՄ-ի էներգետիկայի նախարարը

Եվրոպայի էներգաշուկայի ճգնաժամային իրավիճակը չի անդրադառնա Եվրասիական տնտեսական միության վրա, միությունը էներգաճյուղը կվերակողմնորոշի դեպի արեւելք, «ՌԻԱ Նովոստի»-ն ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի եւ ենթակառուցվածքի նախարար Արզիբեկ Կոժոշեւը։

«Այդ իրավիճակը մեզ վրա բացասական ազդեցություն չի ունեցել։ Միշտ, եթե մի դուռ փակվում է, մեկ ուրիշը բացվում է։ Հիմա ընդհանուր առմամբ Եվրասիական տնտեսական միության էներգետիկ ճյուղն ուղղված է դեպի արեւելք, եւ այդ կողմնորոշումն ուժեղանալու է։ Չինաստանը մեծ շուկա է, մեր բոլոր էներգառեսուրսները կվաճառվեն այնտեղ»,- ասել է Կոժոշեւը Ռուսաստանի էներգետիկ շաբաթվա շրջանակում։

Նախարարն ավելացրել է, որ ռուսական էներգակիրներից հրաժարվելու եվրոպական երկրների քաղաքականությունը բացասաբար կազդի նրանց տնտեսական վիճակի վրա։

«Իհարկե, վերջին կես տարում Եվրոպայուն գները խիստ բարձրացել են։ Այսինքն, եթե նրանք մինչեւ այժմ «Հյուսիսային հոսքով» գազ ստանում էին բավական ցածր կայուն գներով, հիմա գինը բարձրացել է, այն հասել է անգամ ավելի քան երեք հազար դոլարի։ Սա վկայում է այն մասին, որ Եվրամիության քաղաքացիներն այս տարի իրենց վրա իրապես կզգան, թե այն իրադարձությունները, որոնք այժմ տեղի են ունենում աշխարհում, որքան բացասաբար են ազդելու իրենց վրա տնտեսական առումով»,- նշել է նախարարը։

  • Կիսվել: