հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Դուք կարող էինք ոչ սիմվոլիկ էլ գնել բաժնետոմսեր.  Փաշինյանը՝ Մհեր Գրիգորյանին

Դուք կարող էինք ոչ սիմվոլիկ էլ գնել բաժնետոմսեր. Փաշինյանը՝ Մհեր Գրիգորյանին

Մենք կարող ենք նպատակային կետ դնել, թե ստեղծվելիք «Արնա» անվանումով ազգային ավիափոխադրող ընկերության պետական բաժնեմասը երբ է բորսայում շրջանառվելու եւ տարվելու: Այս մասին այսօր կառավարության նիստում նշեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով «Էյր Արաբիայի» եւ ՀՀ կառավարության կողմից ստեղծվող նոր ավիաընկերությանը:

«Դա կլինի լավագույն գնահատականը: Եթե ռիսկի ենք գնում, խնդիր չկա, բայց թող բորսան հանրային գնահատական տա իրավիճակին: Առավելեւս մենք որդեգրել ենք կոմերցիոն մոդելը, ինչը ճիշտ է, եկեք պայմանավորվածություն ձեռք բերենք, որ երեք տարվա կամ X ժամանակահատվածում մենք այս բաժնեմասերը դիվերսիֆիկացված տեսնելու ենք բորսայում շրջանառության մեջ:Կարող է մենք էլ գնենք որպես անհատներ, բայց ամեն դեպքում այդ ժամանակ պարզ կլինի, թե այս նախաձեռնության իմաստն ու արդյունքը որն էր: Ես նկատի ունեի սիմվոլիկ մենք գնենք, պարոն վարապետ»,-ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ծիծաղելով արձագանքեց. «Դուք կարող էինք ոչ սիմվոլիկ էլ գնել: Ձեր հայտարարագիրը կարդալուց հետո եմ ասում»:

«Չնայած, այո, ես կարող եմ նաեւ ինձ թույլ տալ ոչ սիմվոլիկ գնել, եթե եկամտաբերությունը լավ է»,-ասաց Մհեր Գրիգորյանը:

Նշենք, որ այս նոր ստեղծվող ընկերությունում բաժնեմասնակցության համար «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ պարտավորվել է բաժնետոմսերի դիմաց վճարել 4,733,720,000  ՀՀ դրամ, իսկ Էյր Արաբիա  ընկերությանը պատկանող ընկերությունը նույնպես ներդրումն իրականացնելու է իր բաժնեմասնակցության համապատասխան դրամական միջոցներով»:

  • Կիսվել: