Դուք չպետք է ասեք՝ Կառավարությու՛ն, ասա՛, որ մթերողը 200 դրամով վերցնի խաղողը. Փաշինյանը՝ Այգեհովիտի բնակիչներին
Երեկ Նիկոլ Փաշինյանի՝ Այգեհովիտ կատարած այցի ժամանակ գյուղացիները վերջինիս դիմեցին՝ ներկայացնելով գյուղի խնդիրները։
«Խաղողը հանձնում ենք 120 դրամով, հաշվարկ եմ անում, ինձ 30 դրամ փող չի մնում, ես ո՞նց ապրեմ էդ 30 դրամով ամբողջ տարին. գյուղացին ո՞նց ապրի»,–Փաշինյանին դիմելով ասաց բնակիչներից մեկը։
Նիկոլ Փաշինյանն էլ ի պատասխան ասաց, որ առաջին բանը, որ գյուղացիները պետք է անեն, պետք է մտածեն խաղողի ինքնարժեքը իջեցնելու մասին։
«Կոնյակի գործարանում մեզ ցույց էին տալիս նոր տեխնոլոգիաները։ Հիմա որ խաղողը մշակում եք, մարգերի արանքը հնձում ու վարում եք չէ՞։ Նոր տեխնոլոգաները երբ որդեգրենք, այլևս պետք չի լինի դա անել։ Եթե ձեր ծախսերը մի կիլո խաղող ստանալու համար նվազեցնեք, արդեն էդ գնից ձեզ կմնա ոչ թե 30 դրամ, այլ 35, 40, 50 դրամ։ Դուք ուզում եք խաղողը ծախել էն սագի անեկդոտի նման։ Դուք էլ եք տնտեսվարող, ինքն էլ ա տնտեսվարող, ոչ մեկ չի ուզում ավել փող տա, բոլորն ուզում են որոշակի չափով փող աշխատեն։ Մեր գյուղատնտեսության մեծագույն խնդիրը արդյունավետությունն է և ինքնարժեքը նվազեցնելը։ Դուք չպետք է ասեք՝ Կառավարությու՛ն, ասա՛, որ ինքը 200 դրամով վերցնի, պիտի մտածեք ձեր խաղողի ինքնարժեքը նվազեցնելու մասին։ Տեխնոլոգիները ձեզ ցույց տալը մեր գործն է»,–ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը գյուղացիներին առաջարկեց մտածել գյուղատնտեսական կոպերատիվների մասին, նշելով, որ եթե միասին աշխատեն, ինքնարժեքը կնվազի և ավելի մեծ շահույթ կստանան վաճառքից։
Գյուղացու արձագանքին, թե կառավարությունը ոչինչ չի անում իրենց օգնելու համար, Փաշինյանը պատասխանեց.
«Ես միայն ձեր ղեկավարությունը չեմ, նաև մթերողի ղեկավարությունն եմ։ Բա որ ասում եք գյուղը մահանում է, էդքան դպրոց մանկապարտեզ ու ճանապարհ ենք կառուցում»։
Գյուղացիներից մեկն ի պատասխանան հայտնեց, որ իրենց գյուղում ոչինչ չի արվել։ Փաշինյանն էլ ասաց, որ ջրագիծ է կառուցվել գյուղում։
«30 տարի գյուղում ոչինչ չի արվել, դուք ուզու՞մ եք, որ 6 տարում ամեն ինչ արվի։ Այսօր հարյուրավոր մարզադպրոցներ ու մանկապարտեզներ են կառուցվում»,–հավելեց վարչապետը։
Այգեհովիտի բնակիչն էլ հակադարձեց, որ գյուղացիները չեն կարող ամեն անգամ երեխաներին Վեդի տանել մարզադպրոցից օգտվելու համար։
«Պիտի հնարավորություն ունենա, որ Վեդի տանի, չգնա՞ դաշտում աշխատի»,–ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն էլ գյուղացու հարցին ի պատասխան ասաց. «Սկզբից Վեդի կտանեն, հետո գյուղում էլ կլինի»։