շաբաթ, հունիս 29
29 / 6 / 2024
«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնությունը» մարմնավորում է ԵՄ-ՀՀ համագործակցության ոգին

«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնությունը» մարմնավորում է ԵՄ-ՀՀ համագործակցության ոգին

Այսօր տեղի է ունեցել Եվրոպական միության և Ավստրիական զարգացման համագործակցության կողմից համաֆինանսավորվող՝ «Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման» հնգամյա ծրագրի պաշտոնական մեկնարկի միջոցառումը։ Ծրագիրն իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության կողմից, բյուջե՝ 11 միլիոն եվրո։ 

Միջոցառմանը ներկա էին Եվրոպական միության, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Սյունիքի մարզպետարանի և համայնքապետարանների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ զարգացման գործընկերներ։ 

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ն․Գ․ պրն․ Վասիլիս Մարագոսը ողջույնի իր խոսքում նշեց․ «Սա մի նախաձեռնություն է, որը մարմնավորում է գործընկերության և համագործակցության ոգին Եվրոպական միության, Ավստրիական զարգացման համագործակցության և Հայաստանի միջև: 

«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնությունն» իր R2D Syunik ծրագրով ներկայացնում է համատեղ ջանքեր՝ բարձրացնելու այս տարածաշրջանի մարդկանց կյանքի որակը ու ապրուստի միջոցները, միաժամանակ պահպանելով տարածաշրջանի հարուստ մշակութային ժառանգությունն ու բնական միջավայրը: Ծրագիրը շոշափելի ապացույց է այն բանի, որ Եվրոպական միության հանձնառել է աջակցելու Հայաստանի զարգացմանը և խթանելու ներառական աճը»: 

Միջոցառման նպատակն էր ներկայացնել ծրագրի նպատակները, նախատեսվող գործողությունները և ակնկալվող արդյունքները։

Ավստրիայի դեսպանության տեխնիկական համագործակցության համակարգող գրասենյակի ղեկավար Կլաուս Կապեր ողջունեց հյուրերին՝ նշելով․  «Տարիներ շարունակ Ավստրիական զարգացման գործակալությունը (ԱԶԳ) նպաստել է Հայաստանում կայուն զարգացմանը տարբեր ծրագրերի միջոցով: Տարբեր ծրագրերի ընթացքում ԱԶԳ-ն հետևողականորեն ցույց է տվել իր նվիրվածությունը Հայաստանի քաղաքացիների կյանքը բարելավելու գործում»: 

R2D Սյունիք ծրագիրն իրականացվում է «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության» շրջանակում՝ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ։ Ծրագրի նպատակն է Սյունիքում նպաստել միկրո, փոքր և միջին (ՄՓՄՁ) բիզնեսների մրցունակության բարձրացմանը և օժանդակություն տրամադրել համայնքային փոքր ենթակառուցվածքների վերականգման համար։ 

ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Տաթևիկ Սարգսյանն իր ողջույնի խոսքում նշեց ՀՀ կառավարության և միջազգային դոնորների համագործակցության կարևորությունը՝ հավելելով, որ նման նախաձեռնությունները վճռորոշ դեր են խաղում Սյունիքի մարզի մասնավոր հատվածի զարգացման գործում։ 

Սյունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը ողջունեց հյուրերին և շնորհակալություն հայտնեց Եվրոպական միությանը և Ավստրիական զարգացման գործակալությանը այն աջակցության համար, որ նրանք ցուցաբերում են տարածաշրջանին «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության» միջոցով: «Այս ծրագիրը չափազանց կարևոր է Սյունիքի համար հատկապես 2020 թվականից հետո, երբ մարզը տնտեսական մարտահրավերների է բախվել: R2D Սյունիք ծրագրի իրականացումը ցույց է տալիս, որ Եվրոպական միությունը և Ավստրիական զարգացման գործակալությունը հատուկ ուշադրություն են դարձնում մեր մարզին և գնահատում են մարզի աշխարհաքաղաքական և ռազմավարական նշանակությունը: 

«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնությունը» Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաև գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է։ 

Նախաձեռնության հիմնական նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացմանը` համահունչ տեղական զարգացման առաջնահերթություններին: Նախաձեռնության սկզբնական բյուջեն առաջիկա 5 տարիների համար կազմում է շուրջ 116 մլն. եվրո, այն կարող է հետագայում ավելանալ»։

  • Կիսվել: