երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Չկա հարկ` չկա պետություն. Փաշինյանը հանձնարարել է ճամփեզրյա առևտուր անողներից ՀԴՄ պահանջել

Չկա հարկ` չկա պետություն. Փաշինյանը հանձնարարել է ճամփեզրյա առևտուր անողներից ՀԴՄ պահանջել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեին զբաղվել առանց ՀԴՄ աշխատող առևտրականներով։ Այս մասին նա ասել է ՊԵԿ–ի 2023 թ.–ի գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

«Մենք տարբեր տեղերում ունենք ճամփեզրյա առևտուր, որտեղ ընդհանրապես ՀԴՄ չկա։ Իմ հանձնարարականը եղել է այն, որ բոլոր այն դեպքերում, որ մեր օրենսդրությունը ենթադրում է, որ պետք է ՀԴՄ լինի, ուղղակի մոտենան այդ մարդկանց, տեղեկացնեն, որ հարգելի քաղաքացի, դուք պետք է դնեք ՀԴՄ։ Ու այդ պահին ոչ մի գործողություն չանեն, ուղղակի անընդհատ այդ մեսիջը տան, բայց մի իքս պահի արդեն պետք է նաև գործողություն անել»,– ասել է վարչապետը։

Նա պնդել է, որ դա շատ կարևոր է, եթե անգամ տարվա մեջ այդ մարդիկ վճարեն 2 հազար դրամ հարկ։ Ըստ վարչապետի` դա մշակույթ է, պետություն-քաղաքացի հարաբերության հարց։
«Նորից եմ ասում. մենք պետք է այս գիտակցումը մարդկանց մեջ մտցնենք, պետք է այս ուղղությամբ գնալ։ Շատ լավ, վճարելու է օրը 5 դրամ հարկ, թող վճարի օրը 5 դրամ։ Խնդիրն այն է, որ ինքը հարկ վճարող է, քաղաքացի է, սուբյեկտ է։ Հարկային մշակույթ ներդնելը և սերմանելն էլ է կարևոր գործ»,– ասել է նա։
 
Վարչապետի խոսքով` պետությունը պետք է փոխի հարկային հանցագործությունների նկատմամբ վերաբերմունքը։ Ըստ նրա` պետք է ուժեղացնել հարկային քաղաքականության փիլիսոփայական հատվածը։

  • Կիսվել: