շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ցածր ինքնարժեք եւ բավարար  որակ ունեցող ապրանքները կսփռվեն Հայաստանի շուկայում եւ Հայաստանը կդառնա թուրքական ապրանքների եւս մեկ շուկա․ Դավիթ Անանյան

Ցածր ինքնարժեք եւ բավարար  որակ ունեցող ապրանքները կսփռվեն Հայաստանի շուկայում եւ Հայաստանը կդառնա թուրքական ապրանքների եւս մեկ շուկա․ Դավիթ Անանյան

Ռիսկերը, բնականաբար, բավականին շատ են, կարծում եմ՝ իշխանությունները չեն վերլուծել դրանք: Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով Թուրքիայի հետ սահմանները բացելու, առեւտրային հարաբերություններ հաստատելու մասին իշխող ուժի հայտարարություններին:

«Մենք  բոլորս մանկություն ենք ունեցել, եթե բակում խաղալիս վեճ ու կռիվ է ծագել, ապա պարտվածը կամ ծեծ կերածը անմիջապես չի ձգտել խաղաղության ձեռք մեկնլու, որովհետեւ այդ պայմաններում բարիշելու պայմանները միշտ եղել են ի վնաս ծեծվածի: Եթե ուզում եք խաղաղության դարաշրջան, բնականաբար, բոլորս էլ պետք է ձգտենք դրան, որովհետեւ հարեւանների հետ պետք է խաղաղ ապրել, բայց դրա համար պետք է պատեհ ժամանակ ընտրել: Կարծում եմ՝ ժամանակը պատեհ չէ»,-ասաց նա:

Անդրադառնալով տեսակետին, որ եթե Թուրքիայի հետ սահմանը բացվի, դա Հայաստանի տնտեսության համար դրական կլինի, ՊԵԿ նախկին նախագահն ասաց. «Տնտեսական քաղաքականություն իրականացնողներից պետք է հարցնել, թե իրենք ինչպես են տեսնում երկրի ապագան, երկրի տնտեսության զարգացման առումով: Եթե իրենք տեսնում են, որ, օրինակ, արտահանելի ապրանքներ ու ծառայություններ արտադրող ու արտահանող երկիր պետք է կառուցենք,  ապա սահմանների բացումը ոչ միայն չի նպաստի, այլեւ կսպանի մեր տնտեսությունը, այսինքն արդյունաբերողներին ու արտադրողներին:

Եթե իրենք տնտեսության ապագան տեսնում են ուղղակի զուտ առեւտրային շփումներում, կարելի է սահմանը բացել, բայց այդ ժամանակ պետք է մոռանալ ուղղակի ազգային արտադրություն ու արդյունաբերություն ունենալու մասին: մենք աշխարհաքաղաքական այնպիսի դիրքում ենք, որ մեզ մոտ ապրանքների ու ծառայությունների ինքնարժեքը ինքստինքյան ավելի բարձր է, քան թուրքական միջինից բարձր որակ ունեցող ապրանքների ինքնարժեքը: Հետեւաբար, ցածր ինքնարժեք եւ բավարար  որակ ունեցող ապրանքները կսփռվեն Հայաստանի շուկայում եւ Հայաստանը կդառնա թուրքական ապրանքների եւս մեկ շուկա: Այդ առումով Հայաստանը տնտեսական կախվածության մեջ կընկնի Թուրքիայից, որովհետեւ Թուրքիան շատ հեշտությամբ կարող է իր արտաքին առեւտուրը կարգավորի՝ մեծացնելով, ավելացնելով կամ որոշակի ապրանքների վրա դնելով սահմանափակումներ, որոշակի ապրանքների արտահանման վրա սահմանափակումներ կավելացնի: Այսինքն մենք կդառնանք մի տարածք, որտեղ տեղի է ունենում թուրքական ապրանքների շրջանառություն եւ դրա վերահսկողը Թուրքիան է լինելու: Մենք այնքան ուժեղ չենք, որ ինքներս վերահսկենք թուրքական ապրանքների շրջանառությունը Հայաստանում»:

Դիտարկմանը, որ ՔՊ-ական պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանը հանդես է գալիս հայ-թուրքական սահմանը բացելու օգտին, Դավիթ  Անանյանն ասաց. «Խաչատուր Սուքիասյանը տասնամյակներ երկրում բավականին հաջող բիզնես գործունեությամբ է զբաղվում, բայց անձնապես կամ անձի առանձին տնտեսական գործունեության հաջողություններով պայմանավորված, անձը կարծում եմ՝ պետք է ձեռնպահ մնա մակրոտնտեսական, երկրի ապագայի հետ կապված խիստ մասնագիտական  դատողություններ անելուց: Խաչատուր Սուքիասյանը բավականին կրթված է, տնտեսագիտություն որոշակի հասկանում է, դրա համար անձնական բիզնեսներում ունեցել է հաջողություն: Բայց երկրի ապագայի հետ կապված ես ձեռնպահ կմնայի ասել, որ ինքը լավագույն էքսպերտն է»:

  • Կիսվել: