կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Ցանկացած ՀԿ կարող է հավատարմագրվել եւ գնալ, վերահսկել դպրոցներ, ճանապարհների, ԲԿ-ների շինարարությունը. Փաշինյան

Ցանկացած ՀԿ կարող է հավատարմագրվել եւ գնալ, վերահսկել դպրոցներ, ճանապարհների, ԲԿ-ների շինարարությունը. Փաշինյան

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում կայացրեց, որով առաջարկվում է առավել ճկուն դարձնել գնման ընթացակարգերի արդյունքում կնքված պայմանագրերի կատարման նկատմամբ հանրային հսկողության իրականացման պայմանները:

Մասնավորապես, նախատեսվում է սահմանել, որ պայմանագրի արդյունքի ընդունման գործընթացներին մասնակցելու ցանկություն հայտնած հասարակական կազմակերպությունները և լրատվական գործունեություն իրականացնող անձինք հաշվառվելով ՀՀ ֆինանսների նախարարությունում, կստանան ավտոմատ եղանակով իրենց կողմից ընտրված՝ պետական գաղտնիք չպարունակող պայմանագրերի արդյունքների ընդունման գործընթացին դիտորդների միջոցով մասնակցելու հնարավորություն:

Հաշվառված կազմակերպությունները և դիտորդների տվյալները կհրապարակվեն գնումների պաշտոնական տեղեկագրում, դիտորդներին կտրամադրվեն վկայականներ, որոնք անխոչընդոտ կապահովեն գործընթացներին մասնակցության հնարավորությունը:

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով նախագիծը, ասաց. «ՀՀ գնումների մասին օրենքով նախատեսված է մի նորմ, որի համաձայն քաղհասարակությունը ՀԿ-ները եւ հետաքննող լրագրողները, մրցույթին մասնակցած, սակայն հաղթող չճանաչված կազմակերպությունները իրավունք ունեն վերահսկելու պայմանագրերի կատարման ընթացքը եւ ներկայացնելով  խորհրդատվական բնույթի դիրքորոշում, որը պետք է ստանա արձագանք եւ հրապարակվի:

Վերջին տարիների վիճակագրությունը ցույց է տվել քաղհասարակության ցածր մասնակցությունը, որի առանցքային պատճառներից է համեմատաբար  բարդ ընթացակարգը, որի պայմաններում այս կամ այն  ՀԿ-ն ստիպված է ամեն մի պայմանագրի համար նորից հավաքել  եւ ներկայացնել նույն փաստաթղթերը, ամեն անգամ անցնելով վավերացման գործընթաց: Այս նախագիծը կոչված է զգալիորեն պարզեցնել մասնակցության գործընթացը: ըստ այդմ, ֆինանսների նախարարությունը վարելու է ՀԿ-ների եւ լրագրողների ցուցակ, որում ներառվելը կնշանակի, որ ՀԿ-ն այլեւս կարիք չի ունենա յուրաքանչյուր պայմանագրի համար դիմելու պատվիրատուին»:

Նրա խոսքով, ցուցակում ներառվելու համար պետք է ֆինանսների նախարարություն ներկայացնեն գործունեության իրականացման էլփոստի հասցեները, պետական գրանցման վկայականի պատճենը, վերահսկման գործընթացում դիտորդների տվյալները»:

Իր հերթին վարձապետ Փաշինյանն ասաց. «Այսինքն ցանկացած ՀԿ կարող է հավատարմագրվել ֆինանսների նախարարությունում եւ դրա բերումով գնալ, վերահսկել մանկապարտեզների, դպրոցներ, ճանապարհների, բուժկենտրոնների շինարարությունը, ընդհանրապես, գնումների հետ կապված ցանկացած ընթացակարգ: Սա կարող է առիթ լինել, որ շինհրապարակների կուլտուրան բարելավվի»:

  • Կիսվել: