հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Բոլոր բուհերը պետք է տեղափոխվեն Ակադեմիական քաղաք. մարզերում պետք է զարգացնել քոլեջների ցանցը. Փաշինյան

Բոլոր բուհերը պետք է տեղափոխվեն Ակադեմիական քաղաք. մարզերում պետք է զարգացնել քոլեջների ցանցը. Փաշինյան

Հայաստանում կան բարձրագույն կրթության դիպլոմներով մարդիկ, որոնք համատարած չեն կարողանում աշխատանք գտնել: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա պրոբլեմ է և՛ անհատի, և՛ հասարակության, և՛ պետության համար, պետության համար խնդիր է, որովհետև տնտեսության զարգացման ամբողջ ներուժը պատշաճ կերպով չի լինում օգտագործել, մարդկանց  համար խնդիր է, որովհետև իրենց օբյեկտիվ պոտենցիալը չեն կարողանում իրականացնել»,- նշեց նա։

Փաշինյանն ասաց, թե խնդիր են դրել, որ Հայաստանում բարձրագույն կրթության որակն էականորեն փոխվի. «Մենք պետք է Հայաստանում ունենանք պետության կողմից ֆինանսավորվող մինչև ութ բուհ ու բոլոր բուհերը պետք է տեղափոխվեն Ակադեմիական քաղաք», - նշեց նա։

Կառավարությունը մտածում է, որ մարզերում պետք է էականորեն զարգացնել քոլեջների ցանցը, որ կրթության հասանելիության առումով պրոբլեմներ չլինեն։

Հիշեցնենք` Ակադեմիական քաղաքի ֆիզիկական տեղադիրքի համար նախատեսվում են երկու տեղամասեր`Երևան քաղաքի 17-րդ թաղամասին հարող տարածքը, որի գերակշռող մասը պետական կամ համայնքային սեփականություն է և Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքը:

Ակադեմիական քաղաքի տարածքները նախատեսվելու են այն տրամաբանությամբ, որ հնարավորություն ունենան ֆիզիկապես տեղակայելու մինչև 16 բուհ՝ օրենքով նախատեսված մինչև 8 պետական խոշորացված բուհեր և մինչև 8 մասնավոր կամ միջազգային բուհեր։

Ակադեմիական քաղաքում բնակվելու և աշխատելու է մոտ 44 հազար մարդ։

  • Կիսվել: