ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բենզինի շուկայում կան խնդիրներ, շուկայում հայտնվել են տարբեր խաղացողներ. Գեղամ Գևորգյան

Բենզինի շուկայում կան խնդիրներ, շուկայում հայտնվել են տարբեր խաղացողներ. Գեղամ Գևորգյան

Հայաստանում բենզինի շուկայում կան խնդիրներ, հարուցված քրեական գործեր. Մրցակցության պետական հանձնաժողովի նախագահը հայտնում է նաև, որ շուկայում նոր խաղացողների քանակի ավելացման շնորհիվ է, որ, օրինակ, Իրանից ներմուծվող դիզվառելիքի, բենզինի գներն իջել են:

Գևորգյանն այս մասին ասաց ԱԺ-ում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցին

Թադևոս Ավետիսյանը նշեց՝ իր մոտ տպավորություն է, թե ՄՊՀ-ն ջանք չի խնայում՝ հիմնավորելու, թե ինչու պետք է  բենզինի և դիզվառելիքի գինը սահուն կերպով բարձրանա՝ միջազգային շուկաներով պայմանավորված: «Իսկ, երբ միջազգային շուկաներով պայմանավորված պետք է նազի, ինչո՞ւ այդ նույն կերպով նույն հիմնավորմամբ չի նվազում»,-ասաց պատգամավորը:

Նա նշեց՝ այս օրերին բենզինի, դիզվառելիքի գնաճ կա նորից՝ հետաքրքրվեց, թե արդյոք Մրցակցության պետական հանձնաժողովն ունի՞ գնահատում, օպերատիվ տվյալներ:

Մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն էլ առաջարկեց պատգամավորին ասել մի գոնե մեկ դեպք, երբ միջազգային շուկայում բենզինի գինն իջել է և Հայատսանում դրա արտացոլումը չի եղել: Եվ, եթե պատգամավորը նման դեպք մատնանշի, ինքը խոստացավ, որ հրապարակային վարույթ կիրականացնի:

«Իհարկե, բենզինի շուկայում կան խնդիրներ: Ամենամեծ խնդիրներից մեկը նաև լաբորատոր կարողությունների բացակայությունն էր, որ մենք կարողանայինք համապատասխան հսկողություն անել: Սակայն, կան արդեն հարուցված գործեր, եթե չեմ սխալվում, նաև քրեական՝ տրված նյութերի հիման վրա, որտեղ որակը և քանակը չեն համապատասխանել իրականությանը»,-ասաց Գևորգյանը՝ հավելելով, որ շուկայում գործող բոլոր տնտեսավարողների հետ կապված ունեն գործընթացներ:

Պատգամավորը հավելեց՝ բենզինի շուկայում սեփականատերեր են փոխվել, դա ինչի՞ է բերել:

Գևորգյանը պատասխանեց. «Կապիտալի վերաբաշխում տեղի չի ունեցել, շուկայում հայտնվել են տարբեր խաղացողներ, այդ թվում՝ խոշոր մասնաբաժին ունեցող խաղացողներ: Եվ այդ խաղացողների քանակի ավելացման շնորհիվ է, որ Իրանից ներմուծվող դիզելային վառելիքի և բենզինի գներն իջել են»:

  • Կիսվել: